Կինո

«Ոսկե ծիրան» կինեմատոգրաֆի զարգացման հայկական հասարակական կազմակերպությունը երեքշաբթի ամփոփել է  թեմատիկ ֆիլմերի «Այլևս երբեք…» խորագրով ցուցադրությունների նախնական արդյունքները, որոնք նվիրված են Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ 

Ինչպես նշեց ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, ֆիլմերը ցուցադրվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Բելառուսի, Շվեյցարիայի և Թուրքիայի 12 քաղաքներում։ 

«Ներկայացվել են հայ և օտարերկրացի, այդ թվում՝ թուրք ռեժիսորների ավելի քան 20 ֆիլմեր։ Կազմակերպելով ցուցադրությունն այս կամ այն երկրում` մենք հաշվի էինք առնում տվյալ երկրի քաղաքական, մշակութային և էսթետիկ առանձնահատկությունները»,– նշեց նա։ 

Մովսիսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է փետրվարի 24–ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ «Անիվ» հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող կազմակերպության աջակցությամբ Բելառուսի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանողների համար նույն օրը կազմակերպվել էր Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։ 

Նրա խոսքերով` «Այլևս երբեք…» ծրագրում ներառված են Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները», Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմերը և ուրիշներ։ 

Մովսիսյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման առաջին կիսամյակը կավարտվի հունիսի 19–ին Մոսկվայի 37–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։ 

Ինչպես նշեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, տեղական ԶԼՄ–ները բավականին ակտիվ և դրական էին լուսաբանում այդ ցուցադրությունները։ Գրեթե բոլոր հեղինակավոր հրատարակությունները հոդվածներ էին թողարկում այդ միջոցառումների մասին։ 

««Այլևս երբեք…» ծրագրով մենք ուզում էինք հայտարարել աշխարհին, որ կանք, շարունակում ենք ապրել և կերտել, և այս ամենի ցուցադրելու լավագույն միջոցը կինոարվեստն է», – ավելացրեց նա։ 

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ղեկավար Սուսաննա Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ ցուցադրությունների ընթացքում կազմակերպիչները ոչ մի տեղ չեն բախվել որևէ խոչընդոտի կամ սադրանքի հետ, անգամ Թուրքիայում բոլոր քննարկումները հրապարակային էին։ 

«Այսպիսով, մենք կարողացանք փոխանցել մեր խոսքը, հանդիսատեսին պատմել մեր ցավի մասին, իհարկե, սահմանափակ քանակությամբ հանդիսատեսին, հիմնականում` կինոգործիչներին, ովքեր պատրաստ էին մեզ հետ երկխոսության մեջ մտնել», – ընդգծեց նա։ 

«Այլևս երբեք…» ծրագիրն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ։ -0-