Կինո

Սոչիում անցկացված «Կինոտավր» 26–րդ բաց ռուսական կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ 

«Մագնում ֆիլմ» ընկերության արտադրած ֆիլմը նկարահանվել է 2015թ.–ին։ Ֆիլմում հանդես են եկել ռուս աստղեր Ռենատա Լիտվինովան, Վլադիմիր Մաշկովը, Եվգենի Ցիգանովը, Ալեքսանդրա Բորտիչը, Միխայիլ Եֆրեմովը, Մարիա Շալաևան և ուրիշներ։ 

Ֆիլմի հերոսները փորձում են փոքր պատմությունների միջոցով պատասխանել «ի՞նչ է սերը» հարցին, իսկ պատմությունները ներկայացնում են ամենատարբեր կերպարների ճակատագրերը։ 

Գլխավոր մրցանակից բացի, «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է նաև կինովարձույթի մրցանակին։ 

«Կինոտավր» փառատոնի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկոն, «Լավագույն դեբյուտ» անվանակարգում` ռեժիսոր Էլլա Մանժեևայի «Որոր» ֆիլմը։ 

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Պոլինա Գրիշինան («Փրկություն», ռեժիսոր` Իվան Վիրիպաև), «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակին են արժանացել Վասիլի Բուտկևիչը, Ալեքսանդր Պալը, Պավել Չինարյովը, Իվան Յանկովսկին («Քրջե միություն», ռեժիսոր` Միխայիլ Մեստեցկի)։ 

«Կինոտավր» փառատոնը մեկնարկել էր հունիսի 7–ին և տևել մինչև հունիսի 14–ը։ Մրցութային ծրագրում ներառվել էր 36 ֆիլմ, որոնցից 14–ը ցուցադրվել էր Սոչիի բնակիչների և հյուրերի համար նախատեսված բացօթյա հրապարակում։ Մրցույթի ժյուրիի հիմնական կազմը գլխավորում էր ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը։ Ժյուրիի կազմում ներառվել էին նաև դերասաններ Անդրեյ Սմոլյակովն ու Օլեսյա Սուձիլովսկայան, օպերատոր Յուրի Կլիմենկոն, սցենարիստ Նիկոլայ Կուլիկովը, պրոդյուսեր Նատալյա Մոկրիցկայան, կինովարձույթով զբաղվող Ալեքսեյ Ռյազանցևը, կինոքննադատ Պյոտր Շեպոտինիկը։ –0–