Կինո

Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել, որի համար հիմք են ծառայելու կամբոջացի գրող և ակտիվիստ Լունգ Ունգի «Սկզբում նրանք սպանեցին հորս. Կամբոջայի դստեր հիշողությունները» խորագրով հուշագրությունները։ Այս մասին գրում է Variety առցանց պարբերականը։

Ջոլին նախագծի վրա կաշխատի Ունգի և Netflix–ի հետ համատեղ։ Դերասանուհին միաժամանակ ստանձնել է ֆիլմի պրոդյուսերի և ռեժիսորի պատասխանատվությունը։ Նա նաև պատրաստվում է զբաղվել հուշագրությունները կինոյին հարմարեցնելու գործով։

Ժապավենի երկրորդ պրոդյուսերը կլինի Ռիտի Պանը` Կամբոջայից։ Նրա «Անհետացած պատկեր» ֆիլմը, որը նվիրված է 1975-1978 թվականներին Կամբոջայում իրականացված ցեղասպանությանը, 2013 թվականին «Օսկարի» էր ներկայացվել և «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակը ստացել Կաննի կինոփառատոնում։

Ֆիլմը պատրաստ կլինի 2016 թվականի վերջին և կներկայացվի խոշորագույն միջազգային կինոփառատոներին։

Ֆիլմում կնկարահանվի նաև Անջելինա Ջոլիի որդին` Մեդոքսը։ -0-