Կինո

«ԱՌԿԱ Style»-ն Ամանորի տոների նախաշեմին իր ընթերցողներին է նվիրել 8 ամենահայտնի երգերը, իսկ այսօր ներկայացնում են ամենասիրված և մշտապես ցուցադրվող ֆիլմերի հնգյակը։ Արևմտյան կինոարդյունաբերությունում նման ֆիլմերի համար անգամ հատուկ տերմին են հորինել` «Սուրբծննդյան կինո»։ Դրանք, որպես կանոն, հատուկ ֆաբուլա ունեն` հատուկ, տոնական տրամադրություն հաղորդելու համար։ Ձմեռը, ձյունը, նվերները, հումորը, բարությունը, հեքիաթը և  հրաշքը հաճախ նման ժապավենների հիմնական բաղադրիչներն են, մի խոսքով` այն ամենը, ինչ անհրաժեշտ է տոների ժամանակ։  

«Չառլին և շոկոլադի ֆաբրիկան»

Անգլո-նորվեգացի գրող Ռոալդ Դալի` արտասովոր հրուշակագործ պարոն Վոնկի  շոկոլադի գործարանում Չառլի անունով տղայի արկածների մասին հեքիաթային պատմության էկրանավորումը ԱՄՆ-ում Սուրբ Ծննդի ավանդական ֆիլմերից է։ Չառլիի արկածների տարբերությունը ամերիկյան ավանդական սուրբծնդդյան ֆիլմերից դրա բարոյախոսությունն է մարդկային կարևորագույն արժեքների մասին։ Թիմ Բերթոնի ֆիլմը, ինչպես նաև Մել Սթյուարթի առաջին էկրանավորումը, ստիպում է հրաշքի և երևակայականի միջոցով խորհել կյանքի իմաստի մասին։

«Արջամկան օրը»

Դենի Ռուբինի պատմվածքի մոտիվներով Հարոլդ Ռեմիսը նկարահանել է ֆանտաստիկ կոմեդիա` միևնույն օրվա հանկարծակի և մշտական կրկնության մասին։ Ու թեև ֆիլմն սոսկ անուղղակի կապ ունի նոր Տարվա հետ, այն ընդունված է ցուցադրել Ամանորի տոներին։ Ֆիլմն ունի նուրբ հումոր և օրիգինալ սյուժե։ «Արջամկան օրը» հնարավորություն է տալիս աշխարհին նայել ուրիշ աչքերով` ոչ մի տեղ չշտապելով, չվախենալով, որ կգա վաղվա օրը, հնարավորություն ունենալով ուրախանալ յուրաքանչյուր օրվա համար։ Համաձայնեք` ճիշտ խորհուրդ է Նոր տարվա կապակցությամբ։

«Փոխանակված արձակուրդ»

Եվս մի ջերմ և բարի ֆիլմ, գեղեցիկ դասական Սուրբ Ծնունդ, գայթակղիչ կյանք, որի մեջ ցանկանում ես ընկղմվել։ Ֆիլմում ջերմության և հարմարավետության մթնոլորտ է տիրում։ Ավելի հաճելի է ֆիլմը դիտել ձմռանը` փաթաթվելով տաք ծածկոցով։ ԱՄՆ–ում ընդունված է դիտել այս ֆիլմը ընտանեկան միջավայրում կամ ընկերների շրջապատում ամանորյա արձակուրդների ժամանակ։ Ռոմանտիկ պատմություն, շատ հումոր, երջանիկ ավարտ, այն ամենը, ինչ հարկավոր է Ամանորին։

«Սուրբ ծննդյան պատմություն»

Եվ ինչ Սուրբ Ծնունդ առանց Դիքենսի։ Վիկտորյական պատմությունը` Ռոբերտ Զեմեկիսի էկրանավորմամբ, պատմում է մի գիշերում խորը մաքրման մասին։ Ժլատ Էբենեզեր Սքրուջը` Ջիմ Քերրիի անկրկնելի կատարմամբ, ամանորյա էկրանների մշտական հյուրն է։ Բարի, իմաստուն պատմությունը նվիրում է լավ տրամադրություն, ոգեշնչում է և հիշեցնում, թե ինչ տոն է սա և ինչ նշանակություն ունի այն բոլորիս համար։ Չէ՞ որ մի օր է հարկավոր, երբ կարելի է առանց պատճառի երջանիկ լինել, զգալ այն անցողիկ, սակայն իրական հրաշքը, որը ֆիլմի միջոցով մեզ է ներկայացնում մեծն Դիքենսի վիպակը։ 

«Տանը մենակ»

Երբ Քրիս Քոլամբուսը պատրաստվում էր նկարահանել այս ֆիլմը, շատերը չէին հավատում նրա հաջողությանը, չէ՞ որ ամանորյա կատակերգության ժանրը կինոարտադրության ամենաեկամտաբեր ժանրը չէ, քանի որ ամանորյա ֆիլմերի ակտուալությունը սահմանափակվում է Ամանորի արձակուրդներով։ Եվ ինչպիսին էր քննադատների զարմանքը, երբ «Տանը մենակ» ֆիլմը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում` որպես վարձույթում ամենաշատ գումար հավաքած կատակերգություն (մոտ 533,000,000 դոլար)։ Ֆիլմը մեծ հռչակ բերեց գլխավոր դերակատար Մաքլեյ Քալկինին, ով դարձավ Հոլիվուդի ամենահաջողակ մանկահասակ աստղերից մեկը։ Եվ չնայած Քալկինն արդեն 34 տարեկան է, նա արդեն 25 տարի է ընտանեկան ամանորյա կինոդիտումների մշտական ուղեկիցն է։

Քչերը գիտեն, որ Քևինի դեմքի ֆիրմային արտահայտությունը` լայն բացված աչքերը, կիսաբաց բերանն ու այտերին դրված ձեռքերը, հղում է Մունկի «Ճիչ» հայտնի ֆիլմին։ Եվ, իսկապես, դա այդքան էլ կարևոր չէ։ Եվ ամեն Ամանոր երեխաներն ու նրանց ծնողները կրկին կգամվեն հեռուստացույցի էկրանի առջև և կվերապրեն այն բարդ իրավիճակները, որոնք հաղթահարում է համակրելի տղան և կուրախանան, թե որքան ճարպկորեն է նա դուրս գալիս բոլոր իրավիճակներից։ 

Կարեն Ավետիսյան՝ հատուկ «ԱՌԿԱ Style»–ի համար