Կինո

Նյու Ջերսիի կինոռեժիսոր Ջոն Միլանոն ավարտել է «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի նկարահանումները, որը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, հաղորդում է Analitikaua.net–ը` հղում անելով The Armenian Weekly–ին։ 

Ինչպես հայտնում է պարբերականը, ռեժիսորն ընդգծել է, որ թեման նրան շատ մոտ է ոգով, քանի որ նա մեծացել է Նյու Ջերսիում` հայկական ազդեցիկ համայնքի կողքին։ «Ուզում եք` հավատացեք, ուզում եք` ոչ, բայց մեր ընկերները միշտ մեծ ազդեցություն են ունենում մեզ վրա։ Եվ, չնայած, որ ես այդ մշակույթի կրող չեմ, հասկանում և ընդունում եմ այն, ինչպես սեփականը։ Ֆիլմերը հակասական են լինում, եթե մարդիկ են դրանք այդպիսի դարձնում։ Թուրքիայի կառավարությունը չի խոստովանում այդ դաժանությունը, սակայն այս ֆիլմը մենք նկարահանել ենք ոչ թե ի նշան բողոքի Թուրքիայի կառավարության դեմ, այլ ներկայացնելու համար այն պատմությունը, որը Հոլիվուդը հրաժարվում է ցուցադրել»,– ասել է Միլանոն։ 

Նա նշել է նաև, որ շատ է ուզել նկարահանել մի ֆիլմ, որը հիմնված կլինի պատմական փաստերի վրա։ «Այդ ֆիլմում գրեթե ստեղծարարություն չկա, այն պետք է փոխանցի միայն իրականությունը։ Այդ պատճառով ժապավենի նկարահանումները երկու տարի են տևել»,– ընդգծել է ռեժիսորը։ 

«Ծղոտե տիկնիկներ» ֆիլմը նկարահանվել է հարյուրավոր հրապարակումների, լուսանկարների, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հետ հարցազրույցների, ակադեմիական գրքերի և բազմաթիվ ուսումնասիրությունների հիման վրա։ Ֆիլմի աշխատանքներին միացել է նաև «Պատմություններ, որոնք հայրս այդպես էլ մինչև վերջ չպատմեց» գրքի հեղինակ Դուգլաս Քալաջյանը։ 

Գլխավոր դերերում են` իրանահայ դերասանուհի Մերի Էպիկը և Մարկո Խան(յանը), ինչպես նաև այլ երիտասարդ դերասաններ։ 

Ջոն Միլանոն պատմել է, որ դերասանների ընտրությունից հետո մնում էր լուծել ևս մեկ կարևոր խնդիր` «Հայաստան գտնել» Հարավային Կալիֆոռնիայում։ «Մենք գիտեինք, որ դա բարդ է լինելու, բայց հավատում էինք, որ որոնումներն այդքան էլ չեն երկարի։ Լոս Անջելեսի մի մեծ շրջան ուսումնասիրելուց հետո մենք ընդլայնեցինք որոնումները նաև քաղաքի հյուսիսային ուղղությամբ։ Մենք եղանք մի շարք կալվածքներում, բայց դրանք կամ չէին համապատասխանում մեր պահանջներին, կամ շատ թանկ էին։ Եվ, վերջապես, մենք գտանք Սիմի հովիտը»։ Այնտեղ են նկարահանվել Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատագրված» և Ջոն Լի Հենքոկի «Փրկել միստեր Բենքսին» ֆիլմերը։ 

Կինոռեժիսոր Ջոն Միլանոյի «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի ապրիլի 24–ին Լոս Անջելեսում և Երևանում։ -0-