ArmStyle

Երևանի բնակիչներն ու հյուրերը տարբեր երկրների անվանի ջազմենների ելույթները վայելելու հնարավորություն կունենան աշնանը։ Սեպտեմբերի 17-19–ը անցկացվող Yerevan Jazz Fest 2015 փառատոնի մասնակիցների և միջոցառման հիմնական գաղափարի մասին «ԱՌԿԱ Style»–ին է պատմել Mezzo Production ընկերության (փառատոնի գլխավոր կազմակերպիչ) տնօրեն Անի Սողոյանը։

– Ովքե՞ր են Երևան ժամանելու Yerevan Jazz Fest 2015–ին։

Անի – Փառատոնին կմասնակցեն այնպիսի նշանավոր ջազային երաժիշտներ, ինչպիսիք են Նինո Կատամաձեն` Վրաստանից, Սերգեյ Մանուկյանը` Ռուսաստանից, Արթուր Սաթյանը` Լիբանանից, Հյուբերտ Թաբսն` Ավստրիայից, ինչպես նաև Լևոն Մալխասյանը և Վահագն Հայրապետյանը` Հայաստանից։ Փառատոնի գլխավոր հյուրերից կլինի նաև անվանի մուլտիինստրումենտալիստ և վոկալիստ Ռիչարդ Բոնան` ԱՄՆ–ից։

– Yerevan Jazz Fest 2015–ի բացումը ինչո՞վ հիշարժան կդառնա հայ հանդիսատեսի համար։

Անի – Փառատոնի բացմանը ելույթ կունենա Հեռուստատեսության և ռադիոյի ջազային նվագախումբը` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Համերգի երկրորդ մասը կբացի Նինո Կատամաձեն։

Մեր հայրենակից Կոնստանտին Օրբելյանին նվիրված եզրափակիչ համերգին ելույթ կունենան Մարիամ Մերաբովան և Արմեն Մերաբովը Պետական ջազային նվագախմբի հետ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։

– Երևանում առաջին համամիութենական ջազ փառատոներն անցկացվել են 1985թ.–ին և 1986թ.–ին։ 1998թ.–ին Հայաստանում անցկացվել է առաջին «Երևանյան միջազգային ջազ փառատոնը»։ Ո՞րն է այսօրվա Yerevan Jazz Fest 2015–ի յուրահատկությունը։

Անի – Yerevan Jazz Fest 2015–ը միջազգային փառատոն է, որին կմասնակցեն վեց երկրների ներկայացուցիչներ։ Փառատոնին կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի ջազային նվագախումբը։ Այսպիսով, փառատոնն արդեն առանձնանում է մասնակիցների ծավալով և քանակով։

Քառասուն մասնակիցներից բացի, փառատոնին մասնակցեն նաև հատուկ հյուրեր, ովքեր երաժիշտներ չեն, սակայն այնպիսի մարդիկ են, որոնք մեծ ավանդ են ունեցել ջազային երաժշտության զարգացման մեջ։ Օրինակ` որպես գլխավոր հյուր` Երևան կժամանի Ֆրանսիայի Վյեն քաղաքի հեղինակավոր ջազ փառատոնի նախագահը։ Այդ փառատոնն ընդգրկված է աշխարհի լավագույն փառատոների ցուցակում։ Դա ևս մեկ հնարավորություն կլինի մեր երաժիշտների համար միջազգային համագործակցություն հաստատելու հարցում։

– Ժամանակին Երևանը համարվել է Խորհրդային Միության ջազային մայրաքաղաքը, մեր քաղաքն է թելադրել ջազային նորաձևությունը, կազմակերպել բազմաթիվ համերգներ։ Ինչպիսի՞ն է ջազի դրությունն այսօր։

Անի – Ցավալի է, որ այդքան հարուստ ջազային ավանդույթներ ունենալով` Երևանը դադարել է ջազային փառատոներ անցկացնել։ Վերջինն անցկացվել է 10 տարի առաջ։ Ինչ վերաբերում է երաժիշտներին, ապա նրանց պետք է անընդհատ ոգեշնչել։ Եթե մեր երկրում ջազային երաժշտության աշխարհում իրադարձություններ տեղի չեն ունենում, եթե երաժիշտները պահանջված չեն լինում, ապա նրանք լքում են Հայաստանը։

Միևնույն ժամանակ, մենք շատ տաղանդավոր երաժիշտներ ունենք, որոնք ճանաչված են միջազգային փառատոներում և նպաստում են այլ երկրներում ջազի զարգացմանը։ Օրինակ` ԱՄՆ–ում ջազի զարգացման մեջ մեծ ավանդ ունի ծագումով հայ Ջորջ Ավագյանը։ Հիմնական խնդիրը ֆինանսավորման մեջ է, քանի որ չկա փոխազդեցություն պետական, գործարար կառույցների և միջոցառումների կազմակերպիչների միջև։

Ներկա պահին աշխատանք է տարվում Հայաստանի ջազի ասոցիացիա ստեղծելու ուղղությամբ, որը զբաղվելու է Հայաստանում ջազային երաժշտության զարգացմամբ և միջոցառումների կազմակերպմամբ։

Yerevan Jazz Fest 2015–ի ավարտից հետո մենք իսկույն կզբաղվենք Junior Jazz Fest–ի կազմակերպմամբ, որը կանցկացվի գարնանը և կխթանի երիտասարդությանը զբաղվել ջազային երաժշտությամբ։

– Համաձա՞յն եք, որ ջազը Հայաստանում ընդհատակ է անցել, իսկ իսկական սիրահարները համերգների ներկա լինելու հնարավորություն չունեն, քանի որ տոմսերի գները չափազանց բարձր են։

Անի – Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի փառատոնի տոմսերի գները մատչելի լինեն։ Սեպտեմբերի 17–ին և 19–ին գները տատանվում են 3-15 հազար դրամի սահմանում, սեպտեմբերի 18–ին, երբ ելույթ կունենա աշխարհահռչակ մուլտիինտրումենտալիստ Ռիչարդ Բոնան, տոմսերը կարժենան 5-25 հազար դրամ։ Բնական է, որ հանդիսատեսը պետք է հասկանա, որ փառատոնի անցկացումը թանկարժեք միջոցառում է։

Իսկ ընդհանուր առմամբ, եթե շեղվենք փառատոնից, ապա պետք է նշել, որ ամեն տարի ապրիլի 30–ին` Ջազի միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է ջազային երաժշտության համերգներ քաղաքի կենտրոնում` Կասկադի տարածքում։ -0-