ArmStyle

«Yerevan Fashion Week. Golden Lace»-ը սոսկ նորաձև հագուստի ցուցադրություն չէ: Կազմակերպիչներն առաջնորդվում էին ժամանակակից կնոջ ամբողջական կերպար ստեղծելու նպատակով, կին, ով հետևում է նորաձևության միտումներին` սեփական անհատականությունն ընդգծելու համար և զարդերի ճիշտ ընտրություն է կատարում:

Այդպես բնութագրեց առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 24-26-ն անցկացվող  Նորաձևության օրերը  Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նախագահ Գագիկ Գևորգյանը:

Նրա խոսքով` «Yerevan Fashion Week. Golden Lace»-ը տաղանդավոր դիզայներների վարպետությունը ոսկերչական արվեստի հետ ներդաշնակեցնելու խնդիր ունի։

«Այդ միջոցառումը մշտական բնույթ է կրելու, և մենք կանենք հնարավորինը` այն ավելի լայնամասշտաբ դարձնելու համար` ինչպես աշխարհագրական առումով, այնպես էլ մասնակիցների թվով»,- ասաց Գևորգյանը:

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը կդառնա նորաձևության հայտնի կենտրոն ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ողջ աշխարհում: «Yerevan Fashion Week. Golden Lace»-ի առաջին օրը նշանավորվեց երեք դեֆիլեներով: Առաջինն իր աշխատանքները ցուցադրեց MaryBelle ֆաբրիկայի հիմնադիր, մորթե հագուստի առաջատար դիզայներ և մոդելավորող-կոնստրուկտոր Մերի Շալումովան։ 

Դեֆիլեի ավարտին տաղանդավոր դիզայները ներկայացրեց երեք երգ` հաճելիորեն զարմացնելով ներկաներին իր գեղեցիկ ձայնով:

Փոքր ընդմիջումից հետո պոդիումի վրա ներկայացվեցին «Ատեքս» նորաձևության կենտրոնի վերարկուները, կոստյումները և զգեստները: Վերջինը զգեստների և ներքնազգեստի իր հավաքածուն ներկաների դատին հանձնեց Էմիլիա Վիշնևսկայան: 

«Սա հիանալի սկիզբ է հայկական նորաձևության համար, որը կարող է դառնալ համաշխարհային նորաձևության արդյունաբերության մի մասը և արժանի տեղ զբաղեցնել այնտեղ: Սա պատմական օր է նորաձևության մեր աշխարհի, երիտասարդության, արդյունաբերության համար, և այն հայկական նոր ապրանքների և ապրանքանիշերի ստեղծման ազդակ կդառնա»,- կարծում է հայկական խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով ներկա էր տոնի բացմանը:

Նրա խոսքով` նմանատիպ միջոցառումները նպաստում են, որպեսզի «Made in Armenia» ապրանքանիշն աշխարհում արժանի տեղ զբաղեցնի:

«Yerevan Fashion Week. Golden Lace»-ի կազմակերպիչներն են «Մերիդիան» էքսպո-կենտրոնը և «Ատեքս» նորաձևության կենտրոնը: Միջոցառման անցկացման նպատակը երիտասարդների և արդեն կայացած հայ ու օտարազգի դիզայներների համար հարթակ ստեղծելն է, որպեսզի նրանք կարողանան տարին գոնե մեկ անգամ ցուցադրել իրենց հավաքածուները, ինչն իր հերթին խթան կդառնա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար: 

Ֆոտոժապավենը կարելի է դիտել այստեղ: -0-