ArmStyle

Աշխարհահռչակ լեհ գրող, «Միայնություն ցանցում» բեսթսելլերի հեղինակ Յանուշ Վիշնևսկին երկրորդ տարին անընդմեջ կդառնա Հայաստանում անցկացվող «Գրական տապան» ամենամյա միջազգային փառատոնի հատուկ հյուրը:

Առաջին անգամ հայտնի գրողն այցելեց Հայաստան նախորդ տարի նորից այս փառատոնի շրջանակում և բավականին տպավորված էր հայկական մշակույթով և գրականությամբ:

Միջոցառման կազմակերպիչները, որը կանցնի սեպտեմբերի 18-28-ը, նշում են, որ բացի Վիշնևսկուց, փառատոնի պատվավոր հյուրերի թվում է նաև բրիտանացի գրող Մեգ Ռոզոֆը:

Այս տարի փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն գրողներ աշխարհի 11 երկրներից: Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ: 
Այս տարի «Գրական տապանի» մասնակիցները կմեկնեն նաև Արցախ:

Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը: Հայ դասական երաժշտության հայր, բանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրը համաշխարհային գրականության ներկայացուցիչները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը, որի նպատակը արվեստի միջոցով աշխարհը փոխելն է։ 

Բացի այդ, փառատոնի շրջանակներում Գաֆեսջյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա հանդիպում բրիտանացի հանրաճանաչ գրող Մեգ Ռոզոֆի հետ, որի ընթացքում կցուցադրվի նաև նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ինչպես եմ ապրում հիմա» ֆիլմը:

Փառատոնի հաջորդ առանցքային միջոցառումը Յանուշ Վիշնևսկու «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է:
Փառատոնը կազմակերպվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2001 թ.-ին: -0-