ArmStyle

Հոկտեմբերի 25-31-ը Երևանում վեցերորդ անգամ կանցկացվի, թերևս, ամենահայտնի, կոլորիտային և հանդիսատեսի կողմից սիրված փառատոնը: Շաբաթ օրը` հոկտեմբերի 25-ին, մեկնարկում է ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնը, որը վեց տարի իրավամբ ասոցացվում է գունեղության, բազմազանության և ծրագրի կրեատիվության հետ:

«Գոյության վեց տարում փառատոնը կարևոր տեղ է զբաղեցրել Հայաստանում անիմացիայի զարգացման ոլորտում: Այս տարիների ընթացքում կազմակերպիչները մեծ աշխատանք են իրականացրել, և դրա շնորհիվ ReAnimania-ն ներառվել է միջազգային փառատոնների ցանկում, և դրա մասին գիտեն աշխարհի բազմաթիվ երկրներում», — նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ReAnimania-ի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Փառատոնի տնօրեն և հիմնադիր Վրեժ Քասունին նշեց, որ ReAnimania փառատոնը, հավատարիմ մնալով ավանդույթներին, այս տարի կներկայացնի նորարարություններ, որոնց թվում է անավարտ ֆիլմերի ցուցադրությունը: Լրամշակման փուլում գտնվող ֆիլմերը փառատոնի շրջանակում կդառնան առանձին քննարկումների առարկա:

Բացի այդ, կցուցադրվի ռուս անիմատորների անավարտ «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքն է: Ֆիլմը կցուցադրվի 2015 թ.-ին ReAnimania փառատոնի ժամանակ, և ցուցադրությունը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Քասունին ավելացրեց, որ այս տարվա փառատոնի շրջանակում ներկայացված են նաև այլ աշխատանքներ, որոնք նվիրված են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կազմակերպիչները նախատեսել են նաև միջոցառում` նվիրված հայտնի հայ մուլտիպլիկատոր և նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 90-ամյակին.  նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություն է նախատեսված:

Անդրադարձ կկատարվի նաև փառատոնի կրթա-լուսավորչական կողմին: Ոլորտի` Գերմանիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ժամանած հայտնի գործիչները եռօրյա վարպետության դասեր կանցկացնեն երիտասարդ հայ անիմատորների համար:

Այս տարի մրցութային ծրագրի հինգ անվանակարգերում կցուցադրվի 200 ֆիլմ, իսկ փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ կցուցադրվի ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ և հոլովակ:

Փառատոնը կբացվի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի ցուցադրությամբ, որի ռեժիսոր Ստեֆան Բյոռլն անձամբ կայցելի Հայաստան: Փառատոնը կեզրափակվի ռեժիսոր Արի Ֆոլմանի «Կոնգրես» ֆիլմի ցուցադրությամբ:

Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ կայքում:

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009թ.-ի հոկտեմբերի 3-ից 6-ը։

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:-0-