ArmStyle

Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևի» Աղունի դերակատարը Հայաստանում է. ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գևորգյանը ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան՝ տոնելու ծննդյան 70 ամյակը:

Նոյեմբերի 26-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ դերասանուհու հոբելյանական երեկոն: Հանդիսատեսը ջերմ ու հոտնկայս ծափահարություններով դիմավորեց դերասանուհուն: Երեկոյի ընթացքում Վիոլետա Գևորգյանը հանդես եկավ իր լավագույն դերերով և մենախոսությամբ:

Երեկոն ուղեկցվում էր Հր. Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի հիման վրա ստեղծված «Աշնան արև» բեմադրությամբ (Վ. Գևորգյանին մեծ ճանաչում է բերել բեմադրությունում Աղունի դերակատարումը, որը դերասանուհին խաղացել է շուրջ 700 անգամ,- ԱՌԿԱ Style):

Երեկոյի ավարտին բեմ բարձրացան Վիոլետա Գևորգյանի բեմական ընկերներն ու իրենց շնորհավորանքի ու գովասանքի խոսքն ուղղեցին դերասանուհուն: Թատերագետ Լևոն Մութաֆյանը նշեց, որ Վիոլետա Գևորգյանն ընդամենը տասը դեր է խաղացել Դրամատիկական թատրոնում ու հասցրել է արժանանալ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Թատերագետի խոսքով՝ 1960-ականներին 20-22 տարեկան աղջիկը, ով մեծ համարձակությամբ ու վստահությամբ հայտ ներկայացրեց Անուշով և Աննա Ֆրանկով, կարողացավ փոխել բազմաթիվ կարծրատիպեր, հանդիսատեսային ընկալումներ:

Լևոն Մութաֆյանը հիշեց, որ ուղիղ տասը տարի առաջ մասնակցել է դերասանուհու 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: «Երբ երեկոն մոտենում էր ավարտին, բեմ բարձրացավ երեկոյի գլխավոր հյուրը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ու դիմեց դերասանուհուն. «Այ շաշ, բրախի էդ ամեն ինչը, էդ ամերիկաները ու տուն արի, հերիք է, ուշ է, տուն արի»: Այսօր ես ուզում եմ մեծ վարպետի խոսքերը հնչեցնել որպես պահանջ. «Սիրելի Վիոլետ, մենք քեզ կարոտում ենք, այսօր հայ թատրոնում քո տեսակի կարիքը կա, տուն արի, ուշ է»:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը դերասանուհու հոբելյանական երեկոն անվանեց սպասումների ու հույզերի երեկո: «Սպասումների, քանի որ քանի որ մենք բոլորս սպասում էին այս երեկոյին, հույզերի, քանի որ ևս մեկ անգամ լսեցինք թատերական աշխարհի ներկայացուցիչների խոսքը Վիոլետա Գևորգյանի մասին»: Շնորհավորելով դերասանուհուն` փոխնախարարն ավելացրեց. «Կցանկանայի, որ Վիոլետա Գևորգյանը բեմից ասեր հետևյալ խոսքերը. «Եթե կյանքում հանկարծ ես մոռացված լինեմ, եթե կյանքում հանկարծ ես նեղացած լինեմ, միևնույն է` կգամ, ուր էլ լինեմ` կգամ»: Եկեք տիկին Վիոլետա, մենք բոլորս ձեզ շատ սպասում ենք»: Փոխնախարարը դերասանուհուն մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց՝ հայ արվեստի զարգացման գործում ունեցած ներդրումի համար, ինչպես նաև դերասանուհու 70-ամյակի կապակցությամբ:

Երեկոն ամփոփեց «Հայ ֆերմերների միության» նախագահ Ռոզա Ծառուկյանը` ասելով, որ դերասանուհուց մեծ է 11 տարով, ուստի իրեն իրավունք է վերապահում դիմել դերասանուհուն «սիրելի Վիոլետա»-ով։ «Ես այս հասակում հանձն եմ առել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման 30-ամյա ծրագիր, դուք էլ պարտավոր եք Հայաստանի թատրոնի զարգացման գոնե 10-ամյա ծրագիր հանձն առնել: Վերադարձեք հայրենիք ոչ թե արի տուն ծրագրով, այլ ուղղակի համեցեք ձեր թատրոն»:

Երեկոյի ավարտից հետո ԱՌԿԱ Style-ի թղթակիցը հետաքրքրվեց դերասանուհու բեմական ընկերներից՝ ի՞նչ է հարկավոր, որպեսզի դերասանուհին վերադառնա հայրենիք: Երեկոյի ներկայացումը բեմադրած ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը նշեց, որ հարկավոր է դերասանուհուն ոչ միայն հրավիրել, այլ նրա համար բոլոր պայմաններն ստեղծել՝ Հայաստանում հաստատվելու և գործելու համար:

Դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, ով խոստովանեց, որ միշտ հիացած է եղել Վիոլետա Գևորգյանի խաղով, նշեց. «Մեր պետությունը, մշակույթի նախարարությունն ի սկզբանե չպետք է թույլ տար, որ Վիոլետը հեռանար երկրից: Հիմա կարծում եմ՝ արդեն ուշ է որևէ քայլ ձեռնարկելու համար: Ո՞ր գնացողն է հետ եկել, որ Վիոլետը գա».- նշեց դերասանուհին:

Մինչդեռ ամերիկաբնակ լրագրող Նունե Ավետիսյանը, ում գաղափարն էր Վիոլետա Գևորգյանի ծննդյան տարեդարձն այս տարի Հայաստանում տոնելը, այլ կարծիք ունի։ «Եթե կառավարական լուրջ հրավեր լինի, դերասանուհին կթողնի ամեն ինչ ու կգա հայրենիք: Կարծում եմ՝ դա կհաջորդի այս հոբելյանական երեկոյին, և Վիոլետա Գևորգյանը լուրջ հրավեր կստանա կառավարության կողմից».- նշեց Նունե Ավետիսյանը:

Վիոլետա Գևորգյանը հայտնի է հայ թատերասերներին Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կերտած կերպարների շնորհիվ՝ Աննա` «Աննա Ֆրանկի օրագիրը», Սոֆի` «Ատամնաբույժն արևելյան», Գորի` «Զբոսայգում՝ ոտաբոբիկ», Լեդի Աննա` «Ռիչարդ III» և այլն: 

Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ: -0-