ArmStyle

Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը ստացել է Հայաստանի ազգային տաղավարը, հայտնում է BBC–ին։ 

Տաղավարը կոչվում է Armenity, որը անգլիականացված բառ է` վերցված ֆրանսիական «Arménité»–ից, հասկացություն, որով բնորոշում են ցեղասպանությունը վերապրած մարդկանց երեխաներին ու թոռներին։ 

«Նրանք սփռվել են աշխարհով մեկ, սակայն պահպանել են իրենց ինքնությունը, հայերենի, պատմության, մշակույթի և ավանդույթների նկատմամբ հավատարմությունը»,– նշում է հրատարակությունը։ 

Հայաստանի համար խորհրդանշական տարում (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը) ՀՀ մշակույթի նախարարությունն իր տաղավարը նվիրել է սփյուռքահայ նկարիչներին։ 

Տաղավարը նվիրված է հայկական սփյուռքին։ Անկախ ծննդավայրից` այդ նկարիչները մշտապես ուսումնասիրում և իրենց համար վերաբացահայտում են armenity–ն։ 

Տաղավարը նվիրված է հայկական սփյուռքին։ Անկախ ծննդավայրից` այդ նկարիչները մշտապես ուսումնասիրում և իրենց համար վերաբացահայտում են armenity–ն։ 

Տաղավարի համար ընտրվել է գեղեցկությամբ և նշանակությամբ բացառիկ մի վայր` Սուրբ Ղազար հայկական կղզին։ Վենետիկի բնակիչներն այն անվանում են «San Lazzaro degli Armeni»։ Գտնվում է Վենետիկի ծովալճակում` Ժարդինի այգու և Լիդո կղզու միջև։ Ժարդինի այգում են տեղակայված բիենալեի հիմնական տաղավարները։ 

Իսկ կղզին հայկական է, քանի որ 1717թ.–ին հայ կաթոլիկ վանական Մխիթար Սեբաստացին այդ կղզում է հիմնել Մխիթարյան միաբանությունը։ 

Հարյուրամյակներ անց Լորդ Բայրոնն այստեղ ուսումնասիրել է հայոց լեզուն և մշակույթը։ Եվ մինչ օրս, երեք դար անց Սուրբ Ղազար վանքում, հարակից այգում, թանգարանում և գրադարանում պահպանվում է հայ ժողովրդի բացառիկ մշակութային ժառանգությունը։  

Տաղավարի համակարգող շվեյցարահայ Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ–Ջուբերյանը արվեստագիտական աշխատանքի մեծ փորձ ունի։ Նա կազմակերպել է Էնդի Ուորհոլի, Ջոն Քեյջի, Լորա Անդերսոնի, Ֆիլիպ Գլասի, Մարինա Աբրամովիչի, Ռոբերտ Ուիլսոնի ցուցահանդեսներն ու ցուցադրությունները։ 

1993թ.–ին Վենետիկի բիենալեում նա է եղել իտալական և ռուսական տաղավարների համահամակարգողը։ Ռուսաստանն այդ ժամանակ ներկայացնում էր Իլյա Կաբակովը։ 

Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ–Ջուբերյանը ցուցադրության համար ընտրել է Լիբանանում, ԱՄՆ–ում, Կանադայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում, Հունաստանում բնակվող հայ նկարիչների աշխատանքները։ 

Նրանց ստեղծագործություններում արտացոլվում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև այն երկրի մշակույթն ու ավանդույթները, որը նրանց համար հարազատ բնօրրան է դարձել։ 

«Ինձ թվում է, որ «Armenity» բառն ամենահարմար հասկացությունն է, որի օգնությամբ կարելի է բնութագրել նկարիչների և մտավորականների այն նոր սերնդին, որոնք գտնվում են մշտական զարգացման մեջ, սակայն միաժամանակ պահպանում են իրենց սուբյեկտիվ, անհատական աշխարհընկալումը»,  – նշում է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ–Ջուբերյանը։ -0-

Լուսանկարները՝  www.armenity.net