ArmStyle

Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից ամենասիրվածը` «Վարդավառ» տոնը (Տիրոջ պայծառակերպություն), մեծ շուքով կնշվի Հայաստանի ողջ տարածքում կիրակի օրը։

Այս տարի տոնակատարության գլխավոր վայրը կդառնա Գառնու հեթանոսական տաճարի և Գեղարդ վանական համալիրի հարակից տարածքը։ 

Սուրբ պատարագից և երիտասարդության օրհնության կարգից հետո, որոնք կանցկացվեն Գեղարդի վանական համալիրի մերձակայքում, բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել ազգային երգ ու պարի տոնին «Վան» ազգագրական և  «Վահագն» երաժշտական համույթի կատարմամբ։ 

Տոնի եկրորդ մասը կկայանա Գառնու տաճարի մոտ, որտեղ առանձին տաղավարներում կներկայացվեն Վարդավառի տոնակատարության ավանդույթներն ու ծեսերը Հայաստանի մարզերում։ Հյուրերը կկարողանան համտեսել ազգային կերակրատեսակներ, տեսնել հայ վարպետների պատրաստած ազգային կերակրատեսակները, ինչպես նաև բախտը փորձել խաղերի օգնությամբ։ 
 
Տոնի բարձրակետը «Վան» անսամբլի և «Վերադարձ» ազգագրական կոլեկտիվի մասնակցությամբ թատերականացված ներկայացումները կլինեն։

Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ «Վարդավառ» տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն  է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

«Վարդավառ» բառն ունի տարբեր նշանակություններ: Մի տարբերակի համաձայն՝ «Վարդավառ» (կամ «Վարդամատն») տոնի անվանումն իր արմատներով ելնում է «վարդ» բառից և նշանակում է «վարդեր շաղ տալ»:

Նախաքրիստոնեական Հայաստանում «Վարդավառը» կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո, ինչպես նաև նրանց միջև ծագած սիրո հետ: Նվիրելով վարդեր և շաղ տալով վարդաջուր՝ Աստղիկը սեր էր սերմանում ողջ Հայոց երկրում, իսկ Վահագն աստվածը, մշտապես պայքարելով Չարիքի դեմ, պաշտպանում էր այդ սերը: -0-