ArmStyle

ԱՄՆ-ում ճանաչված երգիծաբան, դերասան, գրող և նկարիչ Վահէ Պէրպէրեանը երկրորդ անգամ է ժամանել Հայաստան իր նոր stand-up comedy շոուով` «Եթե» լակոնիկ խորագիրը կրող մոնոներկայացմամբ: Ներկայացումից առաջ Պէրպէրեանը հանդիպեց լրագրողների հետ և պատմեց, թե ինչ է նշանակում մենակ լինել մեծ դահլիճի բեմում և ինչպես է սկսել ծիծաղով պատմել որոշ  բաների մասին։

«Ես, անկասկած, տեսնում եմ շուրջս գոյություն ունեցող բոլոր խնդիրները, բայց եթե ես ցանկանամ դրանք ներկայացնել իմ շոուներում և դրանց մեջ հումոր չգտնեմ, ես դրանց մասին չեմ խոսի, հակառակ դեպքում դա կդառնա դասախոսության, խրատի պես մի բան, իսկ ես դա չեմ ուզում: Իմ նպատակը, նախևառաջ, իմ հանդիսատեսին զվարճացնելն է»,- ասում է Պէրպէրեանը:

Նա միաժամանակ պարզաբանեց, որ զվարճացնելն իր ընկալմամբ նշանակում է ոչ միայն ուրախացնել հանդիսատեսին, այլ մշտապես շարժել նրա հետաքրքրությունը և լավ ժամանցի հնարավորություն ընձեռել նրան: «Կարծում եմ, որ արվեստի գլխավոր նպատակը մշտապես հանդիսատեսի ուշադրությունը պահելն է»,- ասաց նա:

Երգիծաբանը խոստովանեց, որ իր շոուներում բեմի վրա փորձում է չխաղալ, այլ առավելագույնն անկեղծ արտահայտել  մտքերը` «իմ աշխատանքներում առավելագույն անկեղծություն կա, և ես ուրախ եմ, որ դրանք այդքան ջերմ են ընդունվում»:

Լիովին մենակ լինելը բեմում, նրա խոսքով, դժվար է, «որովհետև եթե տապալես ներկայացումը, մեկ ուրիշի վրա պատասխանատվությունը բարդելն անհնար կլինի` դու ինքդ ես պատասխանատու դրա համար»: Իսկ stand-up ժանրում կարևոր է հումորը, և եթե նույնիսկ տապալվես, ապա հանդիսատեսը, միևնույն է, կծիծաղի, սակայն ոչ թե արտիստի հետ, այլ նրա վրա:

Երգիծական շոուներում մեծ ու փոքր խնդիրներ արտացոլելու գաղափարը Պէրպէրեանի մոտ հայտնվել է առաջին «Եվ այլն» ներկայացման ժամանակ։ «Իմ նպատակը հստակ էր` զվարճացնել հանդիսատեսին։ Բայց զվարճացնելով` մտորելու նյութ տալ, որպեսզի դա աննպատակ, անիմաստ ծիծաղ չլինի։ Ինձ պետք է, որ հանդիսատեսը մտածելու բան ունենա և առույգ մնա»,– ասում է նա։

Իր ստեղծագործական ուղու ամենասկզբից Պէրպէրեանը հասկացել է, որ կարելի է խոսել շատ բանի մասին, գործնականում` ամեն ինչի մասին, ընդ որում` շատ լուրջ: «Բայց եթե հանդիսատեսը սկսի ձանձրանալ կամ դրա պատճառով դեպրեսիայի մեջ ընկնի և դահլիճից դուրս գա արցունքն աչքերին, ապա, նախևառաջ, հիասթափություն կցանես, երկրորդ` դա կխլի նաև քո էներգիան: Այդ իսկ պատճառով, ես մի փոքր ձևափոխել եմ անգլիական ասացվածքը` «Լռությունը ոսկի է»: Ինձ համար ծիծաղը ոսկուց էլ թանկ է, և ես այն ուզում եմ լսել»,- ընդգծեց նա:

Պէրպէրեանը` որպես մարդ, ում ստեղծագործությունները հիմնականում նախատեսված են արևմտյան հանդիսատեսի համար և ով հայ հանդիսատեսի դատին է հանձնել ընդամենը երկու մոնոներկայացում` «Սակայն» և «Եթե», պատմեց Հայաստանի հանդիսատեսի առանձնահատկությունների մասին: «Ես վստահ չեմ, որ հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է, բայց կարող եմ հստակ ասել նրա մի առանձնահատկության մասին` նրան դժվար է ծիծաղեցնել, բայց ոչ թե հումորի զգացումի բացակայության պատճառով, այլ հակառակը, հայերը սուր հումոր ունեն, այլ այն կարծրատիպի պատճառով, թե տղամարդուն հարիր չէ ծիծաղելը, և որ հաճախ ծիծաղող մարդկանց պետք չէ լուրջ ընկալել»,- պատմեց նա:

Սակայն ամբողջ աշխարհում հյուրախաղերի 13 տարիների ընթացքում երգիծաբանին հաջողվեց զգալ փոփոխություն հայ հանդիսատեսի մեջ` այժմ նա ավելի ազատ է և ավելի հեշտությամբ է ծիծաղում:

Հայկական իրողություններում ամենաբարդ խնդիրները Պէրպէրեանը համարում է քաղաքական պայմաններն ու արտագաղթը, որը մեծ ցավ է պատճառում իրեն: «Այն հանգամանքը, որ երկիրը դատարկվում է, որ մարդիկ իսկապես փորձում են մնալ և կառուցել իրենց կյանքը, բայց երբեմն հուսահատվում են և որոշում, որ այսպես այլևս ապրել հնարավոր չէ և արտագաղթել է պետք, ինձ սարսափելի մտահոգում է: Բայց ես նրանց տարհամոզել չեմ կարող: Ո՞վ եմ ես, որ նրանց մտափոխեմ կամ բարոյախոսություն կարդամ: Բայց ինձ համար իսկապես շատ ցավալի է, և ես շատ կցանկանայի, որ երիտասարդությունը, այդ իդեալիստները, ստիպված չլինեին լքել իրենց հայրենիքը»,- ասաց նա:

Հայ երգիծաբանների թվում, ովքեր առավել հաջող են հնչեցնում ժամանակակից հայ հասարակության խնդիրները, նա նշեց Վարդան Պետրոսյանին, ում շատ հարգում է, և Նարեկ Դուրյանին:

Իսկ այն հարցին, թե հե՞շտ իրեն ծիծաղեցնել, Պէրպէրեանը պատասխանեց. «Ոչ, ինձ հեշտ չէ ծիծաղեցնել», բայց նույն պահին սրտանց ծիծաղեց: -0-

Միջոցառման ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ-0-