ArmStyle

Ավանդական դարձած «Թթի փառատոնն» այս տարի Ղարաբաղում կանցկացվի հունիսի 27-ին։ Արցախի Ամարաս վանքին հարող տարածքում կներկայացվեն Հայաստանում և Արցախի յոթ շրջաններում աճող թթենիների բերքից պատրաստած բարիքները` թթի օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան։

Կցուցադրվեն արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, թթի օղու թորման մշակույթը և այլն։

«Թութն ու թթից ստացված բարիքները մեծ նշանակություն ունեն արցախցիների համար. դրա վկայությունը հենց թթենիների բազմաթիվ այգիների առկայությունն է ամբողջ Արցախում։ Փառատոնի կազմակերպիչները կփորձեն հնարավորին չափ օգտագործել արցախցիների համար կարևոր այդ բնության բարիքի խորհուրդը ամբողջ փառատոնի ընթացքում», – նշում են կազմակերպիչները։ 

Փառատոնի շրջանակում կազմակերպվելու են ավանդական խաղեր, թթենիները թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ:

Մշակութային ծրագիրը ևս խոստանում է առատ ու հետաքրքիր լինել: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն: Արվեստի անկյունում այցելուները կծանոթանան արցախցի տաղանդավոր նկարիչների, վարպետների, կավագործների աշխատանքներին: Փառատոնում կներկայացվի նաև մետաքսագործությունը և մետաքսի մշակման արվեստը:

Փառատոնը մի քանի նպատակ ունի։ Կազմակերպիչները կարծում են, որ այն կխթանի զբոսաշրջությունը, կզարգացնի տեղական արտադրությունը, կմեծացնի արցախյան խոհանոցի ճանաչումը, կաշխուժացնի համայնքների մշակութային կյանքը։

Փառատոնի կազմակերպիչներն են ԼՂՀ կառավարության առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը և «Արենի փառատոն» հիմնադրամը: -0-