ArmStyle

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ արտերկրից մոտ 45 հայ բայքերներ սեփական մոտոցիկլետներով ժամանել են Հայաստան։

«Մեր ճանապարհը հեշտ չէր, բայց արժեր։ Այս տարի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցն է, և մենք պետք է այստեղ լինենք»,– ասաց Լոս Անջելեսից ժամանած «Հայ–Ռայդերս» բայքերական ակումբի ղեկավար Պերճ Գասպարյանը։ 

Հայաստանն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերին։ 

Ի սկզբանե բայքերները ցանկացել են անցնել այն ճանապարհներով, որոնցով իրենց պապերն ու տատերը փրկվել են ցեղասպանությունից, այսինքն` Թուրքիայով։ «Բայց դա բավականին դժվար էր. երկրների միջև լարված հարաբերությունների պատճառով չարժեր ռիսկի դիմել»,– ասաց բայքերը։ 

«Ի վերջո, մենք` ԱՄՆ–ից ժամանած ինը բայքերներս, որոշեցինք, որ մոտոցիկլետները Լոս Անջելեսից կուղարկենք Եվրոպա` Միլան։ Այնտեղից արդեն մեկնեցինք Հունաստան, այնուհետև` Բուլղարիա, որտեղ անձրև ու ձյուն էր, ինչը շատ հազվադեպ ենք տեսել, և, վերջապես, Վրաստան և Հայաստան։ Ցավոք, Վրաստանում մենք վատ լուր ստացանք` մահացել էր մեր տղաներից մեկի որդին, և Երևան գալուն պես նա վերադարձավ Ամերիկա»,– ասաց Պերճը։ 

Նա նշեց, որ թեև ուղին դժվար էր, և մեկ ամիս ճանապարհին են անցկացրել, այնուհանդերձ բայքերներից ոչ ոք չի ափսոսում։ 

Հայաստանում բայքերները կմնան մինչև ապրիլի 28–ը և հետ կվերադառնան արդեն ինքնաթիռներով։ 

«Բայց մենք ծրագրում ենք մյուս տարի նույնպես գալ` արդեն շարքերը համալրած։ Մեզանից շատերը չկարողացան գալ, օրինակ` Ավստրալիայի տղաները, այնպես որ հաջորդ տարի նույնպես կգանք»,– հավաստիացրեց նա։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-