ArmStyle

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է ամենասիրված ժողովրդական տոներից մեկը` Տրընդեզը կամ Տյառնընդառաջը։ Այդ օրը հայ աղջիկներն ու երիտասարդները, ինչպես նաև նորապսակներն, ասես վերադառնում են կրակապաշտական արմատներին` ցատկելով խարույկի վրայով։ Ժողովրդի մեջ մինչ օրս կարծիք կա, որ այդ կերպ մարդիկ իրենցից վանում են չար ուժերին, վառվող խարույկը մաքրագործում և երջանկություն է բերում ընտանեկան կյանք։ 

Այդ օրը Տյառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տյառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: 

Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծննդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տյառնընդառաջը կամ 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: 

Թեև խարույկ վառելը քրիստոնեական արմատներ չունի, սակայն Տյառնընդառաջի խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: -0-