ArmStyle

Հունիսի 1-ին Հայաստանում մեկնարկեց «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթը։ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA) հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը պատմեց այդ նախաձեռնության և այն մասին, թե ինչ է սպասվում հայ հանդիսատեսին ծրագրի շրջանակներում։

«Ամբողջ մոլորակում այսօր մեծ տոն է։ Հայաստանում մեկնարկեց «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթը, որին միացավ 97 երկիր։ Դա խաղաղարար, մարդասիրական երթ է` ընդդեմ դաժանության, բռնության, պատերազմների և ցեղասպանությունների», – ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքերով` 2015 թ. ողջ մարդկությունը հայ ժողովրդի հետ միասին հիշում է Հայոց  ցեղասպանության զոհերին և ուզում է անել հնարավորինը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։

«Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, ՅՈՒՆԵՍԿՕ–ի 70-ամյակի օրը, մենք` թատերական գործիչներս, կոչ ենք անում ողջ ժողովրդին` հոգ տանել մեր մոլորակի մասին, պահպանել այն։ «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» ծրագրի շրջանակում փոքրիկ հանդիսատեսին սպասում են անակնկալներ», – ասաց Սաֆարյանը։

Նա պատմեց, որ ծրագիրը մեկնարկել է բաց երկնքի տակ տոնախմբությամբ` մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում։

«Հայաստանում ամբողջ շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած տիկնիկային արտիստների մասնակցությամբ փառատոն կանցկացվի։ Արտասահմանյան թատրոնների ներկայացումներն անվճար կլինեն», – ասաց Սաֆարյանը։

Փառատոնին մասնակցում են տիկնիկային թատրոններ 11 երկրներից, այդ թվում` Իրանից, Իսրայելից, Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Բուլղարիայից։ Ակցիայի շրջանակում նախատեսվում են թատերական երթեր, փառատոներ, վարպետության դասեր։ Համաշխարհային երթը կավարտվի սեպտեմբերի 21-ին` ՅՈՒՆԵՍԿՕ–ի Փարիզի կենտրոնակայանում` Հայաստանի անկախության և Խաղաղության միջազգային օրը։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-