ArmStyle

Հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ելույթ կունենա Մորիցբուրգի թանգարանում, որտեղ ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես կբացվի։

Այս մասին պատմել է ցուցահանդեսի կազմակերպիչ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

«Ցուցահանդեսը նախատեսված է մայիսի 12-ին Գերմանիայի Հալլե քաղաքում։ Այն կանցկացվի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Բացմանը ելույթ կունենա Տիգրան Համասյանը։ Ցուցահանդեսին կներկայացվեն նաև մեր նկարիչ Տիգրան Կիրակոսյանի գրաֆիկական աշխատանքները»,– լրագրողներին ասաց Հարությունյանը։

Նախագծի շրջանակում նկարիչը մարտին կմեկնի Հալլե, որտեղ կաշխատի շուրջ 6-7 շաբաթ, իսկ ցուցահանդեսին կներկայացվեն նշված ժամանակահատվածում նկարված գրաֆիկական աշխատանքները։

«2015 թվականի մեր բոլոր նախագծերն ընդհանուր առմամբ, թեկուզ ոչ ուղղակիորեն, առնչվում են ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Պարզապես մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ կարող է ապրել ու արարել։ Կարծում եմ, որ պետք չէ զոհի դերում ներկայանալ, այլ պետք է ցույց տալ մեր ուժը»,– կարծում է կազմակերպիչը։ -0-