ArmStyle

Ճապոնացի մնջախաղի դերասան, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մակոտո Ինոուեն երեքշաբթի Երևանում կներկայացնի  «Դոջոջի»` սիրո մասին պատմող մոնոներկայացումը։ 

«ԱՌԿԱ Style»-ը, որը Երևանի մնջախաղի պետական թատրոնի տեղեկատվական հովանավորն է, արդեն հայտնել էր, որ Ինոուեն իր գործընկերուհի Ռիկո Սուգամայի հետ Երևանում կխաղա «Ծաղրածու Մակբեթ» ներկայացման մեջ։ Սակայն հարկ եղավ փոխել ճապոնացի դերասանի պիեսը։

«Ի սկզբանե ենթադրվում էր, որ Ինոուեն կխաղա «Ծաղրածու Մակբեթ» ներկայացման մեջ, բայց նրա գործընկերուհի Ռիկո Սուգաման վթարի ենթարկվեց, ինչի պատճառով, ինչպես նաև ներկայացումը մոնոներկայացման վերածելու անհնարինության պատճառով մենք որոշեցինք, որ ճապոնացի դերասանը  կներկայացնի «Դոջոջի» մոնոներկայացումը»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը։ 

Ըստ նրա` երևանյան հանդիսատեսը չի տուժի այդ փոխարինումից, քանի որ «Դոջոջի» ներկայացումը ճապոնական ավանդական Կաբուկի թատրոնի ամենավառ նմուշներից է։ 

Ինքը` դերասանն իր հերթին հայտնեց, որ ներկայացումը պատմում է վանականի և աղջկա ողբերգական սիրո մասին։ 

«Դա լեգենդ է այն մասին, թե ինչպես է աղջիկը սիրած մարդուց բաժանվելուց հետո աստիճանաբար վերածվում հրեշի` մեծ օձի։ Ես խաղում եմ միանգամից երկու դեր` կնոջ և տղամարդու։ Դուք կտեսնեք, որ ես կարող եմ կրքոտ կնոջ մարմնավորել»,– ասաց Ինոուեն։ -0-