ArmStyle

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում նախօրեին երեկոյան տեղի ունեցավ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Շերանիկ» վերականգնված ներկայացման պրեմիերան։ Անսովոր թատրոնի չափազանց յուրօրինակ ներկայացումը` ռեժիսորներ Ժիրայր Դադասյանի և Յուրի Կոստանյանի բեմադրությամբ, ակնհայտորեն դուր եկավ հանդիսատեսին, սակայն, ցավոք, անցավ առանց անշլագի։

Մեկ գործողությամբ պատմական բեմադրության հիմքում Հաղպատի` հրաշքով փրկված XIII դարի ավետարանի մանրանկարչության խոսուն կերպարներն են։ Գործողությունները կատարվում են հայկական հին մայրաքաղաք Անիում։ Մանրանկարի կերպարները կենդանություն են առնում, և սկսվում է թատերական գործողությունը։ Երիտասարդ զինվորականը` Շերանիկը, առյուծ է ծնում, որը դառնում է քաղաքի խորհրդանիշը։ Բեմադրությունն այն մասին է, թե ինչպես քաղաքի բնակիչները, տարված տոնակատարություններով, չեն նկատում, որ քաղաք է մտնում թշնամին։ Հոգևորականն անօգուտ փորձում է քաղաքացիների ուշադրությունը հրավիրել վտանգին։ Արդյունքում թշնամին գողանում է առյուծին, և քաղաքն ընկնում է։ Իրավիճակն անելանելի է թվում։ Սակայն խիզախ Շերանիկը չի հանձնվում. նա սպանում է առյուծին, այնուհետև հրաժարվում է աշխարհիկ կյանքից։ Դերասանները նորից քարանում են։ Ներկայացումն ավարտված է, լույսը մարում է։

Ներկայացման առավելություններից են հետաքրքիր մտահղացումը, դերասանների հիանալի խաղը, բծախնդիր ռեժիսորական աշխատանքը, Վաչե Շարաֆյանի հուզիչ երաժշտությունը և գեղեցիկ կոստյումները։ Թերություններից են գործողությունների որոշ ձգձգվածությունը (ներկայացումը տևում է 70 րոպե) և որպես հետևանք` որոշ էպիզոդներում իրադարձությունների դինամիկայի բացակայությունը։ 

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ներկայացումից հետո «ԱՌԿԱ Style»-ի հետ խոսեց ներկայացման մասին. 

— Ո՞րն է ներկայացման հիմնական ուղերձը` չհանձնվե՞լ մարմնական ուրախությունների` ի վնաս հոգևորի։ 

Դադասյան — Ոչ։ Հիմնական խնդիրն այն է, որ մենք պետք է պահպանենք մեր քրիստոնեական էությունը, զարգացնենք այն։ Ներկայացման մյուս կողմն այն է, որ երբ մենք կորցնում ենք մեր զգոնությունը, ապա դառնում են անպաշտպան թշնամու առջև։

— Բայց չէ՞ որ զգոնությունը կորավ, երբ Անիի բնակիչները տրվեցին մարմնական ուրախությունների։

Դադասյան — Այո, նաև դա։ Այդ իրավիճակը ձեզ պետք է ինչ-որ բան հիշեցնի։ Իհարկե, ներկայացման մեջ մենք կոչ ենք անում վերադառնալ քրիստոնեության գաղափարներին։ Ընդ որում, իրապես, այլ ոչ թե ձևականորեն, և մերձավորին վերաբերվել պատվիրանների համաձայն։  

— Որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար` Դուք կարծում եք, որ դերասանները կարողացա՞ն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը։

Դադասյան — Ցավոք, պետք է նշեմ, որ մենք բեմում փորձի համար ընդամենը մեկ օր ունեինք։ Դա ընդհանրապես մեր հիմնական խնդիրն է։ Մենք Հայաստանի միակ պետական թատրոնն ենք, որը մինչ օրս չունի սեփական շենք։ Դա մեզ թույլ չի տալիս լիարժեք փորձեր անել բեմի վրա։  

— Այդուհանդերձ, ձեզ հաջողվեց ցույց տալ որակյալ ներկայացում` դերասանների հիանալի խաղով։ Ինչի՞ շնորհիվ է այդպես լինում։ 

Դադասյան — Թատրոնի և բեմարվեստի այդ ժանրի նկատմամբ մեծ սիրո շնորհիվ։

Ներկայացման լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-