ArmStyle

Համաշխարհային հռչակ վայելող լոնդոնյան «Գլոբուս» թատրոնը, Վիլյամ Շեքսպիրի 450 ամյակին նվիրված լայնածավալ Globe to Globe. Hamlet նախագծի շրջանակում, այս տարվա հոկտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով թատրոնի պաշտոնական կայքին։

Globe to Globe. Hamlet նախագիծը  մեկնարկել է 2014 թվականի ապրիլի 18–ին, այդ  ընթացքում այն ներկայացվել է աշխարհի 12 երկրներում, իսկ Հայաստանում հոկտեմբերին նախատեսվող ելույթներին զուգահեռ, սպասվում է թատրոնի հյուրախաղերը ևս 11 երկրում, այդ թվում Վրաստանում, Ադրբեջանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում  և Տաջիկստանում։ 

Globe to Globe նախագծի շրջանակում «Գլոբուսը» կներկայանա աշխարհի 250 երկրներում և «Համլետը» կներկայացնի ամենատարբեր բացառիկ, միջավայր ստեղծող վայրերում` փայտե հրապարակներում, լողափերում, ազգային թատրոններում և պալատներում։

Բեմադրությունը շեքսպիրյան դասական ողբերգության արդիական տարբերակն է, որտեղ տեղ է գտել և սև հումորը, և հեղինակային տեքստի նկատմամբ հարգանքը։ Ներկայացումը տևում է 2 ժամ 40 րոպե, որի ընթացքում 12 դերասաններ խաղում են ավելի քան 20 դեր` օգտագործվելով նվազագույն դեկորացիաներ։

Հյուրախաղերը կավարտվեն 2016 թվականի ապրիլի 23–ին` Շեքսպիրի մահվան 400 րդ տարելիցին։ -0-