ArmStyle

«Pro Շամիրամ»–ը ներկայացում է, որը նորովի է բացահայտում սիրային եռանկյունու ողբերգությունը, միայն այն տարբերությամբ, որ լեգենդում, որի հիման վրա բեմադրվել է պիեսը, խոսքը թագավորի և երկու թագուհիների մասին է։ 

Լեգենդը պատմում է, որ Շամիրամը, լսելով Արա թագավորի գեղեցկության մասին, նրան ուղերձ է ուղարկում և խնդրում է դառնալ իր ամուսինը, գահին նստել, որպեսզի միավորվեն երկու երկրները։ Սակայն Արա Գեղեցիկը մերժում է նրան, և Շամիրամը, թշնամանքով լցված, զորք է հավաքում և պատերազմ սկսում Հայաստանի դեմ։ Մարտերից մեկում Արա Գեղեցիկը մահացու վիրավորվում է, և Շամիրամն ապարդյուն կերպով փորձում է վերակենդանացնել նրան, իսկ նրա մահից հետո ասեկոսեներ է տարածում` իբր վերակենդանացրել է թագավորին։ 

Իսկ ի՞նչ տեսավ հանդիսատեսը բեմի վրա։ Առաջին հերթին հարկ է նշել, որ «Pro Շամիրամ»–ը դժվար է անվանել թատերական ներկայացում ակադեմիական տեսակետից։ Այն ավելի շատ գեղեցիկ պարային բեմադրություն է, որտեղ շեշտը տղամարդու և կնոջ մարմնի պլաստիկայի գեղեցկության վրա։ Առանց երկխոսության և մենախոսության, միայն մի քանի արտահայտությունների միջոցով սցենարիստն ու բեմադրողը փորձել են ներկայացնել այն զգացմունքները, որոնք զգում էին Արա Գեղեցիկը, Շամիրամն ու թագավորի կինը` Նվարդը։

Բեմադրողները հավատարիմ չեն մնացել Շամիրամի և Արա Գեղեցիկի մասին լեգենդին, սակայն նրանց աշխատանքը կարելի է հաջողված համարել։ Բեմադրության ուժեղ կողմերից են դինամիկ զարգացող գործողությունները, յուրահատուկ բեմադրական հնարքները, ինչպես նաև` դերասանների պլաստիկ շարժումները։ Սակայն հարկ է նշել, որ ներկայացման մեջ չկային այնպիսի շեշտադրումներ, որոնք բեմադրությունն ավելի կատարյալ մակարդակի կհասցնեին։

Միաժամանակ, եթե «Pro Շամիրամ»–ը դիտարկենք որպես հայկական թատրոնի փորձառական ուղղվածության առաջին ծիծեռնակներից մեկը, ապա բեմադրությունը կարելի է միայն ողջունել։ Պարարվեստի և սիրո պատմությունների սիրահարները հաստատ գոհ կմնան։

Ներկայացման լուսանկարները` այստեղ։  -0-