ArmStyle

Գուրգեն Խանջյանի  «Որբերի ընտանիքը» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման պրեմիերան կայացավ փետրվարի 21-ին: Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմը լեփ–լեցուն էր։

«Որբերի ընտանիքը» պիեսն առավոտյան տվեցի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանին, երեկոյան նա զանգահարեց ու ասաց՝ սա իմ պիեսն է. վերջ, բեմադրում ենք»,- «ԱՌԿԱ style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը: 

Իսկ ներկայացման ռեժիսոր Արմեն Մարությանը խոստովանեց, թե ինչով է պայմանավորված եղել պիեսը մեկ օրում բեմադրելու որոշումը. «Պիեսում ինձ գրավեց մարդասիրական թեման: Այսօր փողոցում մարդն ընկնի, մահանա, ժողովուրդն անտարբեր կանցնի նրա կողքով: Մարդկային տեսակները, որակները  փոխվել են: Պիեսում ներկայացվում է, թե երիտասարդ տղան ինչպես կարող է երջանկացնել մի քանի հոգու, համախմբել նրանց, ընտանիք ստեղծել: Իսկ ընտանիքը նշանակում է հայրենիք. ինչքան շատ ընտանիքներ ստեղծվեն, այդքան ամուր ու պինդ երկիր կունենանք: Երբ առաջին անգամ կարդացի պիեսը, ես հենց դա տեսա, հուզվեցի ու որոշեցի` եթե Սունդուկյանի թատրոնն անգամ չբեմադրի, ես սեփական գումարով կբեմադրեմ»:  

Հանդիսատեսին ամենից շատ դուր էր եկել Արմեն Մարությանի կերտած Օհանի կերպարը: «Օհանի կերպարը ճիշտ էր ստեղծված: Ես ճանաչում եմ մի մտավորականի, որն Օհանի նման հայտնվել է փողոցում: Տեսա՞ք` ինչ գրական էր խոսում իմ Օհանը՝ «ինչ կտտանք ես հորինել…»: Նա դաստիարակված, կարգին մարդ է, ի՞նչ անենք, որ փողոցում է հայտնվել: Այս պիեսով ցույց է տրվում իրականությունը: Այսօր փողոցում ավելի մտավորական մարդիկ կան, որոնց տեղ չեն տալիս կյանքում, բայց նրանք շատ բանի կարող են հասնել»,- «ԱՌԿԱ style»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարությանը:  

Ներկայացման մեջ վատ վարքի տեր, փողոցային աղջկա՝ Աստղիկի դերը խաղաց Մայր թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը։ Նա խոստովանեց, որ չափազանց դժվար է եղել նման կերպար ստանալը: «Իմ հերոսուհին թրաֆիքինգի զոհ է: Վատ վարքագծով աղջկա դեր խաղալու փորձ ես ունեմ: Գրեթե միշտ ոչ առաքինի կանանց դերեր եմ խաղացել, բայց փողոցային աղջկա կերպարն իմ կյանքում առաջինն էր։ Ինձ համար բավական դժվար էր էսթետիկ առումով այդ կերպարը ստանալը, այնպես, որ գռեհիկ չլիներ»: 

Ներկայացումից հետո Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, խոսելով իր տպավորությունների մասին, առաջին հերթին կարևորեց ժամանակակից դրամատուրգի գործը բեմադրելը: «Այս պիեսն անցած տարի դրամատուրգական մրցույթում գլխավոր մրցանակ ստացավ: Շատ ուրախ եմ, որ Խանջյանի նման ստեղծագործող ունենք, քանի որ մենք լավ դրամատուրգների կարիք շատ ունենք»:  Անդրադառնալով սոցիալական խնդիրը բեմ բարձրացնելուն՝ Հակոբ Ղազանչյանը նշեց. «Կարծում եմ` դրամատուրգը շատ հետաքրքիր հեքիաթ է գտել, ինչն ամենակարևորն է: Իսկ հանդիսականից յուրաքանչյուրն այդ հեքիաթից կվերցնի իրենը: Մեկի մոտ կլինի սոցիալական, մյուսի մոտ` քաղաքական: Դա յուրաքանչյուրի իրավունքն է»: 

«Մեր երկրում ավելի ու ավելի են շատանում անօթևանները: Նրանց մասին պետք է մտածել: Պատահական չէ, որ ներկայացման մեջ հնչում է՝ «մի գիշերօթիկ կառուցեք, այդ մարդկանց ծածկի տակ առեք» արտահայտությունը: Մենք շեշտադրումը կատարել ենք մարդասիրական թեմայի վրա: Այս թեման ինձ ավելի է հուզում: Քաղաքական հարցերն ինձ այդքան չեն հուզում: Եթե մարդն ամեն տեղ մնա մարդ, ամեն ինչ կընկնի իր տեղը»,- խոսքը եզրափակեց Արմեն Մարությանը: -0-