ArmStyle

Հինգշաբթի երեկոյան Ծաղկաձորում ավարտվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում քաղաքի հյուրերը և բնակիչները հնարավորություն ստացան դիտել հետաքրքիր, կրեատիվ և պլաստիկ համարներ:

Միջոցառման կազմակերպիչները որոշեցին փառատոնի եզրափակիչ երեկոն բաժանել երկու մասի: Եվ արդեն մայրամուտին գեղատեսիլ Ծաղկաձորի փոքր հրապարակում սկսեց հավաքվել հանդիսատեսը` ակնկալելով հետաքրքիր ծրագիր:

Շուտով բեմում հայտնվեց ալեհեր ծերունու ուրվագիծը, ով անշարժ կանգնած էր հրապարակի կենտրոնում: Տպավորություն էր ստեղծվում, թե նա ոսկե արձան է:

Հանդիսատեսը խանդավառությամբ սկսեց լուսանկարել «կենդանի արձանը», որի կերպարը ներկայացնում էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի հայ ծաղրածուներից մեկը: «Հուշարձանի» հետ բազմաթիվ «սելֆիներ» արվեցին:

Հրապարակում համընդհանուր ուրախություն տիրեց, երբ «բեմ» բարձրացավ ֆրանսիացի մասնակից Վիլոու Բալուները, ով փառատոնի ընթացքում դարձել էր երեխաների սիրելի ծաղրածուն հասարակ փուչիկներից գեղեցիկ և գունեղ կենդանիներ պատրաստելու շնորհիվ:

Սակայն այս անգամ Բալուների նկատմամբ անտարբեր չմնացին նաև մեծահասակները:

Հրապարակում իսկական իրարարանցում սկսվեց, հանդիսատեսը շրջապատեց արտիստին ինքնատիպ վարպետության-դասի ժամանակ: Բալուները ներկայացրեց իր վարպետությունը բոլոր ցանկացողներին: Շուտով Ծաղկաձորի փողոցները լցվեցին ուրախ անցորդներով, որոնց ձեռքում փուչիկից պատրաստված յուրօրինակ ֆիգուրներ էին:

Երբ բեմում վարպետներն են…

Երեկոյան բոլորը շտապեցին դեպի Ծաղկաձորի գլխավոր հրապարակ, որտեղ պետք է անցկացվեր փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Բեմ բարձրացավ փառատոնի գործադիր տնօրեն, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ով շնորհակալություն հայտնեց նվիրված հանդիսատեսին և փառատոնի գործընկերներին:

Իսկ երեկոյի շոու-ծրագիրը բացեց Գերմանիան ներկայացնող «MMR» թատրոնի երգիծական դուետը, ով երկու ուրախ համար ներկայացրեց:

Հանդիսատեսն առանձնահատուկ խանդավառությամբ դիմավորեց Թաիլանդը ներկայացնող «Մյութ» դուետի հուզիչ համարը, ովքեր, ցանկանալով կոնտրաստ ավելացնել փառատոնի բացմանը ներկայացրած թեթև և ուրախ բեմադրությանը (որը պատմում էր սիրո փուլերի մասին), հանդես եկան հավերժ սիրո մասին պատմող հուզիչ և բարի համարով:

 «Ես հիացած եմ հայ հանդիսատեսով: Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և շատ զարմացած ենք, որ մարդիկ այստեղ ժամերով նստում են՝ սպասելով արտիստների ելույթին: Դա շատ է ոգևորում: Այսօր մենք կարճ համար ենք ներկայացնում, որը պատմում է հավերժ սիրո մասին»,- «ԱՌԿԱ Style»-ին ասաց «Մյութ» թաիլանդական դուետի մասնակից Լիսա Սրիպատանասակուլը:

Արտիստների ներկայացումը պատմում էր մահացած կնոջ նկատմամբ ծերունու սիրո և «երկնքում» նրանց հոգիների երջանիկ վերամիավորման մասին:

Շոու-ծրագիրը եզրափակեց հայտնի ճապոնացի դերասան Մակոտո Ինոուեն, ով զարմացրեց հայ հանդիսատեսին իր պլաստիկայով և ոչ միայն…

Լուսնի արքայադստեր մասին պատմող հայտնի ճապոնական հեքիաթի մոտիվների վրա հիմնված իր ներկայացման մեջ Մակոտոն միավորեց երկու տարր, որոնք հաճելիորեն զարմացրեցին և հիացրեցին հանդիսատեսին:

Արտիստն իր համարում օգտագործել էր աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությունն ու հայերենով ձայնագրված սեփական խոսքը:

«Ես երբեք չեմ իմացել Արամ Խաչատրյանի մասին, սակայն լսելով նրա երաժշտությունը՝ շատ սիրեցի այն և որոշեցի օգտագործել իմ համարում: Իմ պատկերացումը հիմնված էր «Կագուա» հեքիաթի վրա, որը գիտի գրեթե ամեն ճապոնացի: Ես երկրորդ անգամ եմ մասնակցում այս փառատոնին և երբեք նման մեծ թվով հանդիսատես չեմ տեսել», — ասաց Ինոուեն «ԱՌԿԱ Style»-ին:

Նա նաև նշեց, որ Հայաստանում է արդեն երրորդ անգամ և շատ է սիրում այս երկիրը: Ճապոնացին անգամ մի քանի հայերեն բառ ասաց:

Պարգևատրում և պարեր

Համարներից հետո եկավ արտիստների մրցանակաբաշխության պահը:

 «Բոլոր մասնակիցների համար գլխավոր մրցանակը Լեոնիդ Ենգիբարյանի նկարով մեդալն է: Բացի այդ, մենք փառատոնի տարբերանշանով հավաստագրեր ենք պատրաստել, իսկ Ծաղկաձորի քաղաքապետարանը, այլ նվերներից բացի, մասնակիցներին նվիրեց նաև հուշանվեր՝ արծվի տեսքով, որը քաղաքի խորհրդանիշն է», — ասաց Դադասյանը:

Մրցանակների արժանացան փառատոնի բոլոր մասնակիցները՝ Հայաստանը ներկայացնող իլյուզիոնիստ Հայկ Միքայելը, «MMR» գերմանական թատրոնը, հայ արտիստ Արմեն Մխոյանը, ով հանդիսատեսին ներկայացրեց ավազե գեղանկարչությունը, Իրանը ներկայացնող «Փարադատա» թատրոնի դուետը, արտիստ Գեղամ Շերոյանը, Մակոտո Ինոուեն, ֆրանսիացի արտիստ Վիլոու Բալուները, «Մյութ» թաիլանդական դուետը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր Յուրի Կոստանյանը:

Յուրաքանչյուր մասնակից ելույթ ունեցավ շնորհակալական խոսքով, որի ժամանակ միայն մեկ բան էր նշվում` հայ հանդիսատեսը հիասքանչ է:

 «Մենք հույս ունենք, որ մեր փառատոնը, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, կդառնա ամենամյա, և մենք կկարողանանք տարածել այն նաև Հայաստանի մյուս մարզերում», — ասաց Դադասյանը իր եզրափակիչ խոսքում:

Նա նաև նշեց, որ կազմակերպիչները խոստանում են կրկին այս բեմ վերադառնալ նոր համարներով և արտիստներով: Վերջում ուրախ դիսկոտեկ կազմակերպվեց, որին մասնակցեցին գրեթե բոլորը:

 «Ինձ անչափ ոգևորում է հանդիսատեսի խանդավառությունը, քանի որ հենց դա է մեր փառատոնի նպատակը: Երբ հանդիսատեսը գոհ է, նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք փորձեցինք փառատոնը դարձնել հետաքրքիր տարբեր ժանրերի սիրահարների համար: Իմ կարծիքով՝ այստեղ կարող է լինել երկու գնահատական՝ կամ հանդիսատեսը գոհ է, կամ՝ ոչ: Իմ կարծիքով՝ մենք հանձնեցինք այս ստուգարքը», —  ասաց Դադասյանը «ԱՌԿԱ-Style»-ին:

Առաջին անգամ Մնջախաղի միջազգային փառատոնն անցկացվել է 2008 թվականին, իսկ 2010 թվականից կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը, ով կրկեսի պատմության մեջ մտել է որպես ծաղրածուական փիլիսոփայական մնջախաղի վառ ներկայացուցիչ:

Միջոցառման ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ:-0-