2080 թվական. Հայաստանում ընդամենը երկու մարդ է մնացել, որ չի վիրահատել իր քիթը (հիշենք, որ քիթ բառն ասոցացվում է հայի տեսակի հետ)… Այլ կերպ ասած` հայի գենը կործանման եզրին է… 

Հումորի օրվան ընդառաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցավ «Քիթ-Cut» ներկայացման նոր տարբերակի պրեմիերան: Հայի մեծ քիթը ստեղծագործական մտորումների պատճառ էր դարձել դեռ անցած տարի. ներկայացման առաջին տարբերակի պրեմիերան տեղի էր ունեցել 2014-ի մայիսին Երևանի Կամերային թատրոնում:  

Վերափոխված տարբերակը բեմ բարձրացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Սցենարական փոփոխություններից բացի, փոփոխություն էր կատարվել նաև ներկայացման դերասանական կազմում։ 

Գլխավոր դերակատարներ Կարոյին (Կարապետ Բալյան), Անդոյին (Անդրանիկ Հարությունյան) և խոսող ու սուրճ եփող ռոբոտին այս անգամ միացել էր «Վիտամին» ակումբի Զառա Սահակյանը. նա փոխարինել էր դերասանուհի Լիլի Միքայելյանին:

Ներկայացման բեմադրիչը Կարո Բալյանն է, սցենարի հեղինակները՝ Արմեն Վարդանյանը և Էդգար Կոստանդյանը:

Բեմում 2080 թվականն է, հարկերն ու «կարմիր գծերը» տարածվում են անգամ քթերի ծավալի վրա: Հերոսները ստիպված են օդի փող, քթի տուգանք վճարել, և այդ պայմաններում քիթը կտրելը, այսինքն՝ տեսակից հրաժարվելը դառնում է պարտադիր: Անդրադարձ է կատարվում 2080 թվականի քաղաքական, ինչպես նաև շոուբիզնեսյան կյանքին։  Իսկ ո՞վ է լինելու 2080 թվականի ՀՀ նախագահը…

Ներկայացման ընթացքում հետաքրքիր երկխոսություն է ծավալվում 2080 թվականի դերակատարների ու հանդիսատեսի՝ 2015 թվականի մարդկանց միջև: Դերակատարներից մեկը՝ Անդոն, «սիրահարվում է» դահլիճում գտնվող մի աղջկա ու իր հետ տանում 2080 թվական… 

«Այսօրվա խնդիրների մասին խոսում ենք բեմից՝ հումորով շաղախված: Շատ կցանկանայի, որ այս ներկայացումը արդիական չլիներ, բայց, ցավոք, այն դեռ երկար տարիներ արդիական կլինի»,- ներկայացումից հետո «ԱՌԿԱ Style»–ի թղթակցի հետ զրույցում ասաց ներկայացման բեմադրիչ և գլխավոր դերակատար Կարո Բալյանը: 

Նրա խոսքով՝ Զառայի դերակատարմամբ ներկայացումը մեծ փոփոխությունների է ենթարկվել, կարելի է ասել ներկայացումը հարմարեցվել է դերասանուհուն: Կարո Բալյանը նաև խոստովանեց, որ սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանի հետ  անընդհատ աշխատել են առցանց ռեժիմով. «Փոփոխություններ մեր շուրջ գրեթե ամեն օր են լինում, դրանք ևս տեղ են գտել ներկայացման մեջ»:  

Երկրորդ դերակատար Անդրանիկ Հարությունյանը խոստովանեց, որ ներկայացման առաջին պրեմիերային կուլիսներում նույնիսկ արտասվել է. «Ոչ ոք երևի չի հավատա, բայց աչքերիցս արցունք էր հոսում. Ընդունելությունն ու ծափահարություններ այնքան ջերմ էին, որ հուզվել էի…»: 

«ԱՌԿԱ Style»–ի թղթակիցը սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ժողովրդի պահանջով ներկայացումը կրկին բեմ բարձրացավ. «Շատ կցանկանայի, որ ժողովրդի պահանջը լիներ: Պահանջմունքը կա, բայց պահանջ չկա:  Իսկ աշխարհում ամենավտանգավոր բանն անտեսված խնդիրն է: Մենք էլ այն տեսակին ենք պատկանում, որ թողնում ենք դանակը ոսկորին հասնի՝ սկսած հասարակ ատամնացավից մինչև գենի պահպանման խնդիր»: Նրա խոսքով՝ ներկայացումը հուշում է, որ այն ինչ կատարվում է սփյուռքում՝ լեզվի, հայի տեսակի կորուստ և այլ խնդիրներ, մոտ է նաև մեզ: 

«Ի վերջո ոչինչ ինքնանպատակ չէ: Իհարկե, ներկայացումով գումար ենք վաստակում, դա մեր մասնագիտությունն է, բայց կարծում եմ՝ գումար վաստակելուց բացի, յուրաքանչյուրը գլուխը բարձին դնելուց առաջ մի վայրկյան պետք է մտածի՝ ինչ է ուզում ասել այսօրվա հասարակությանը: Բոլոր հայտնի դեպքերն ու դեմքերը, որոնց արժե անդրադառնալ, անդրադառնում ենք ներկայացման մեջ: Աստված տա` այսուհետ լավ դեմքեր ու դեպքեր ներառենք: Աշխատում ենք, որ ներկայացման մեջ 60 տոկոսը հումոր լինի, 40 տոկոսը՝ ասելիք:  Կան չէ՞ բժիշկներ, որ ասում են՝ թող հիվանդ չլինի, մենք անգործ մնանք: Ես էլ ասում եմ՝ Աստված տա, որ խնդիրները լուծվեն, չլինեն ցավոտ դեպքեր ու դեմքեր, որոնց անդրադառնալու անհրաժեշտություն լինի… մենք պատրաստ ենք գումար չաշխատել ու գնալ որևէ բարի ապուշ ներկայացում բեմադրել»: -0-