ArmStyle

Թատրոնի համաշխարհային օրվա նախօրեին Երևանում բեմադրվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացումը, որը նվիրված է Հայաստանի և հայության գլխավոր խորհրդանիշներից մեկին` հայկական այբուբենին, ինչի շնորհիվ ստեղծվեց հայկական գիրը, գրականությունն ու մշակույթը, այսինքն` պահպանվեց հայի ինքնությունը։

Այս «փոխակերպվող» և զարմանահրաշ բեմադրությունը, որտեղ Մարդու, Առյուծի, Ցլի և Արծվի քարե արձանները կենդանիների և մարդկանց են վերածվում, իսկ մարդիկ տառեր են դառնում, հանդիսատեսին տեղափոխում է այն ժամանակաշրջան, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծում էր հայոց այբուբենը։ Շուրջ երկու ժամ շարունակ հանդիսատեսը վայելում է շարժումների խոսուն հմայքը, որոնք գործողության միջոցով բացահայտում են Գրքի և Գրի, մագաղաթյա մատյանների խորհուրդը։ Բեմադրության ընթացքում ներկայացվում է Բանաստեղծի պատմությունը, ով գրել է սովորում և ստեղծում է իր Ծաղկանց գիրքը։

Ժամանակը հոսում է… Գրքի կախարդանքի շնորհիվ բուժվում են մարդիկ, նրանք հաղորդակից են դառնում գիտելիքի մեծ հրաշքին… Ներկայացման գագաթնակետն է դառնում այն պահը, երբ Գիրքը, որպես հայ ժողովրդի գիտելիքի և իմաստության խորհրդանիշ, հայտնվում է Մատենադարանում։

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման հեղինակ և բեմադրիչ–ռեժիսոր Ժիրայր Դադասյանի հետաքրքրիր մտահաղացումն ու Վահան Արծրունու երաժշտությունը ևս մեկ անգամ հիշեցնում են հանդիսատեսին, որ մենք` հայերս, հնագույն և բացառիկ մշակույթի կրողներն ենք, ու մեր մշակույթի հիմքում հայկական այբուբենի տառերն են, իսկ տառերը, կարծես, կերտված են քարից և խորհրդանշում են մեր ժողովրդի անսասան հոգին ու անդրդվելիությունը։

««Գիրք ծաղկանց» ներկայացումը մենք նվիրել ենք Մատենադարանին, քանի որ այն համարում ենք մեր միակ գանձարանը։ Այնտեղ կարելի է տեղեկատվություն գտնել Հայաստանի մասին` ձեռագրեր, մանրանկարներ, խազեր, տեղեկություններ երաժշտության, աստղագիտության, բժշկության մասին» , – նշեց Դադասյանը «ԱՌԿԱ Style»–ին։

Նրա խոսքով` ներկայացման նպատակն է մարդկանց ուշադրությունն ուղղել Հայաստանի հարստության պահպանմանը և նորովի գնահատել միջնադարյան հայկական մանրանկարչության ժանրը։

««Գիրք ծաղկանց» ներկայացումը բեմադրված է Դերենիկ Դեմիրճյանի համանուն ստեղծագործության հիման վրա, որն ամբողջովին նվիրված է հայկական մանրանկարչությանը։ Հանդիսատեսի, հատկապես երիտասարդության ուշադրությունն ուղղվում է անցյալի մեծ ժառանգությանը և կոչ է արվում դառնալ այդ ժառանգության լիիրավ տերը», – ասաց Դադասյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ «Գիրք ծաղկանց»–ի այն հատվածը, որտեղ ներկայացվում է հայկական այբուբենը, փետրվարի 27–ին առաջին տեղն է նվաճել  Բոսնիա և Հերցեգովինայում կայացած «Ոսկե լուսան» մնջախաղի փառատոնում։ 

Ներկայացման լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-