ArmStyle

Դերասանուհի Ֆրիդա Յորքի անունը լսելիս շատերը կարծում են, թե նա հայ չէ, բայց  խոսում է հայերեն։ Իրականում Յորքը դերասանուհու բեմական անունն է, կյանքում նա կրում է ամուսնու՝ ռեժիսոր Արման Գևորգյանի ազգանունը: «Ինչու՞ Յորք» հարցին դերասանուհին ծիծաղելով պատասխանում է. «Հումորային պատմություն է, ավելի լավ է` չասեմ»: 

Ֆրիդա Յորքը հայ հանդիսատեսին ծանոթ է 2013-ին էկրան բարձրացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմից, որտեղ մարմնավորել է Նժդեհի կնոջը՝ Գոհարին: Առաջին մասնագիտությամբ Ֆրիդան պարուհի է, պարել է «Բարեկամություն» համույթում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: 2013-ին բեմադրված «Ստրիպտիզ» մոնոներկայացման մեջ խաղալու համար Ֆրիդան մերկապար է սովորել: Օրեր առաջ՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ Ֆրիդա Յորքի՝ Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» պատմվածքի բեմադրության պրեմիերան

«ԱՌԿԱ style»-ի զրուցակիցը պարուհի, դերասանուհի, ռեժիսոր Ֆրիդա Յորքն է: 

— Ֆրիդա, հանրությունը Ձեզ ճանաչում է որպես դերասանուհի: Վերջերս ներկայացրիք Ձեր առաջին ռեժիսորական աշխատանքը: Ինչո՞վ է պայմանավորված մասնագիտական անցումը: 

Ֆրիդա — Այնպես ստացվեց, որ ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո դերասանի մասնագիտությամբ շարունակեցի: Ավելի շատ ֆիլմերում եմ խաղացել: Խաղացել եմ նաև Վահան Բադալյանի ղեկավարած Փոքր թատրոնում: Հետո մի փոքր հեռացա բեմից: Վերջերս Համազգային թատրոնում փոխարինեցի դերասանուհիներից մեկին, փորձերի ժամանակ մտածեցի՝ ինչպես է, որ առանց բեմի մինչ այժմ ապրել եմ: Իհարկե, որպես դերասան ինձ շատ լավ եմ զգում: Բայց շատ հաճախ մտքեր են լինում, որոնք քեզ խեղդում են, որոնք որպես դերասան այնքան էլ չես կարող իրականացնել, քանի որ ռեժիսորի կանոններով ես շարժվում: Երբ դու անում ես որևէ մեկի բեմադրությունը, ինչ խոսք, պարտավոր ես դա գեղեցիկ մատուցել, այնպես ինչպես քեզանից պահանջում է ռեժիսորը: Բայց երբ քո մեջ ինչ-որ բան անընդհատ փոթորկվում է, ուզում ես ավելին անել, փորձում ես քո մտքերն առաջ քաշել: Իսկ դա հնարավոր է լինում, երբ ինքդ ես գործը բեմադրում: 

— «Երկնագույն շան աչքերը» ներկայացման և՛ բեմադրիչն եք, և՛ գլխավոր դերակատարը: Այսինքն որոշեցիք ոչ միայն Ձեր մտքերն իրականացնել, այլ ինքներդ էլ այդ մտքերը հասցնել հանդիսատեսին: 

Ֆրիդա — Երբ այս պատմվածքը բեմադրելու միտք հղացավ, որոշեցի ինքս էլ այն խաղալ, ինձ վերցնել այն դերը, որի մասին ուզում եմ խոսել, ինչ հույզեր ուզում եմ ինձնից դուրս հանել՝ որպես դերասան:

-Ներկայացումը սիրո հավերժական որոնումների մասին է: Դուք գտել եք Ձեր սերը, որքանո՞վ էր դերը Ձերը:

Ֆրիդա — Երբ կարդում ես Մարկեսի այս ստեղծագործությունը, մտածում ես՝ արդյոք նա այդ տղամարդու՞ն է վերածել երազի կամ գուցե նա այդ իրավիճա՞կն է վերածել երազի: Գուցե նա ցանկացել է ասել, որ իրականում չի լինում այնպես, որ մարդիկ գտնեն իրար, դա միայն երազում է: Պատմվածքի իմ բեմադրության մեջ ես փոփոխություն կատարեցի` մարդիկ ապրում են միասին: Այս կերպ ես փորձեցի հանդիսատեսին, երիտասարդներին, ինչու՞ չէ՝ ինձ, իմ ընկերներին ասել, որ գուցե մենք պետք է մեր կյանքը փոխենք երազի, գուցե մենք պետք է մեր դիմացի տղամարդու մեջ կամ տղամարդը կնոջ մեջ գտնի այդ երազայինը:  Շատ ընկերներ ունեմ, որ ասում են՝ ես չպետք է ամուսնանայի, ես այլ տղամարդ էի փնտրում, բայց չէ՞ որ առաջին օրը, երբ հանդիպում էր, թվում էր, թե գտել է իր տղամարդուն: Ինքս արդեն ութ տարի ամուսնացած եմ: Կյանքը չի կարող միայն ժպիտներով լինել: Դու ապրում ես, մի շարք բախումներ ես ունենում: Կարևորն այն է, թե դու ինչպես ես դրանք հաղթահարում ու ինչպես ես նայում քո վաղվա օրվան: Կարծում եմ՝ միայն վաղվա ներդաշնակ օր ունենալու ձգտումով մարդը կարող է ստեղծել իր ներկայի երջանկությունը:

— Ձեր ներկայացման մեջ միավորել էիք պլաստիկան և խոսքը: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց դա: Արդյո՞ք դա է պակասում մեր թատրոնին:  

Ֆրիդա — Պլաստիկան բերում է հույզերի ազատ արտահայտում: Կարծում եմ՝ դա շատ գեղեցիկ է ու այսօր անհրաժեշտ է մեր թատրոնին: Իհարկե, դասականը կարևոր է, բայց արդեն այն ժամանակն է, որ միայն դասականով չես զարմացնի ոչ ոքի: Մարդիկ ավելի բուռն էմոցիաներ են ուզում տեսնել թատրոնում, բեմում, կինոյում:

— Իսկ որքանո՞վ են պատրաստ այդ էմոցիաներին մեր դերասանները: Ընդհանրապես ի՞նչն է պակասում հայ դերասանին:

Ֆրիդա — Ես բախտ եմ ունեցել շրջել եվրոպական քաղաքներում, դիտել այնտեղի ներկայացումները, որոնք մարդուն հաճույք են պատճառում նրանով, որ էսթետիկան ամենավերևում է: Կարծում եմ՝ դա շատ է պակասում մեր դերասաններին: Ես չեմ ուզում ոչ ոքի վիրավորել, բայց դերասանն իրեն չկրթելու իրավունք չունի: Նա պետք է կիրթ լինի մարմնով, պահվածքով, խոսքով ու իր մարդ տեսակով, որպեսզի հետաքրքիր լինի հանդիսատեսին, մարդկանց: Բեմը մի հիասքանչ վայր է, որտեղ երևում է մարդը, ոչինչ չես թաքցնի: Ինչքան հետաքրքիր է մարդը, այնքան հետաքրքիր դերասան կարող է լինել նա: 

Եվրոպական թատրոնների դերասանները հասարակ ու սովորական են կյանքում և անհասանելի՝ բեմում: Հենց դրանով էլ նրանք հիացմունք են առաջացնում: Փողոցում նրանք քայլում են համեստ, աննկատ: Մեզանում հակառակն է։

Կա մի լավ, ազնիվ խելառություն, որը ևս կարծում եմ՝ այսօր պակասում է հայ դերասաններին: Երևի խնդիրն այն է, որ մենք՝ երիտասարդներս, կուչ ենք եկել, հակառակը՝ պետք է ազատվենք ամեն ինչից, փորձենք անընդհատ էքսպերիմենտներ անել, չվախենալ կարծիքներից՝ ինչ կասի դերասանի տան այսինչը կամ թատերական միության այնինչը, մեծ ռեժիսորները, լրագրողները: Թող մեծամիտ չհնչի, բայց հիմա այնպիսի մի կետում եմ, որ ոչ թե չեն հետաքրքրում այդ կարծիքները, այլ պարզապես ուզում եմ անել այն, ինչ զգում եմ: Ուզում եմ գնալ այդ ամենի հետևից, վստահել իմ ճաշակին, գտնել համախոհների ու ստեղծագործել:

— Կարծիք կա, թե Հայաստանում դերասանուհիները համարձակ չեն: Նրանք համաձայն են միայն թեթև համբույրի, ոչ ավելին: Կա դժգոհություն, որ հոնորարներն էլ բարձր չեն, հանուն որոնց դերասանուհին համարձակության դիմի:

Ֆրիդա — Ծիծաղելի է: Ես մի փոքր այլ կերպ եմ նայում այդ ամենին: Հոնորարի բարձր-ցածր լինելը մի քիչ հոլիվուդյան է հնչում: Հոլիվուդում եթե մերկացնում ես ուսդ, այլ արժեք է: Մեր պարագայում դա ծիծաղելի է: Եթե դու դերասանուհի ես ու այդպիսի իրավիճակ ես խաղալու՝ կախված, թե ինչքան քեզ կվճարեն, ստացվում է՝ նայած ինչքանով ես քեզ վաճառում: Ծիծաղելի է: Ես այդպես չեմ մտածում: Եթե դա այնպիսի ներկայացում է, որտեղ մերկանալը տեղին է և կարվի շատ գրագետ ու էսթետիկայի մեջ, դա ինձ ոչ մի կերպ չի կանգնեցնի: Իսկ ամուսնության առումով… 

— Միգուցե չամուսնացած դերասանուհիների շրջանում է մեծ այդ վախը, անհամարձակությունը: 

Ֆրիդա — Գուցե ամուսնացած չլինեի, այդպիսի ներկայացումներում խաղալուց հետո ինձ համար դժվար լիներ հետո ամուսնանալ: Չգիտեմ, համենայնդեպս երջանիկ եմ, որ կողքիս կա մարդ, ով արվեստում է և հասկանում է, որ դա ընդամենը խաղ է: Եթե դերասանը խաղում է խելագարի դեր՝ նա հո խելագար չէ: Նույնն էլ սիրահարված լինելու տեսարանն է: Կիսատ դերասան չի լինում: Եթե դերասան ես, պետք է մինչև վերջ խաղաս: 

— Դուք արդեն մեկ համարձակ ներկայացման մեջ խաղացել եք: Խոսքը «Ստրիպտիզ» ներկայացման մասին է: Ինչպե՞ս ընդունեց հայ հանդիսատեսն այն: 

Ֆրիդա — Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք հայ հանդիսատեսին այսքան իջեցնում, մտածում, որ նա պատրաստ չէ ինչ-որ բաների: Միգուցե հակառա՞կն է: Իմ մտերիմների շրջանում այնքան զիլ երևանցիներ կան՝ իսկական, մաքուր, գեղագետ, որոնք շատ հաճախ ասում են՝ ես այլևս թատրոն չեմ ուզում գնալ: Ես հասկանում եմ, թե ինչու չեն ուզում գնալ: Բավական է կենցաղային մակարդակի ներկայացումներ բեմադրել: Մարդիկ դա չեն ուզում: Կա մի զանգված, որ դա սիրում է, ես դեմ չեմ, դա էլ պետք է լինի, բայց մի՞թե մենք բոլորս պետք է դառնանք այդպիսին, ասենք՝ ինչ լավ է, տոմսերը վաճառվում են, հանդիսատեսը մեզ ծափահարում է: Ես հասարակության մակարդակն ավելի բարձր եմ գնահատում: Մարդիկ լավ գրքեր կարդում են, լավ երաժշտություն լսում են: Ես ստեղծագործում եմ ու փորձում եմ այնպիսի մի նշաձող ունենալ, որը այդ մարդկանց կհետաքրքրի, փորձում եմ այդպիսին լինել: Ես ամեն օր աշխատում եմ ինձ վրա, աշխատում եմ որպես դերասանուհի, որպես ռեժիսոր, որպես մարդ, որպեսզի կարողանամ ինչ-որ բան տալ: Եթե ես կանգնել եմ մի փոքր բարձր այն մարդուց, ով նստած է դահլիճում, ուրեմն ես մի փոքր ավել պետք է իմանամ: Եթե ոչ՝ ես այդ մարդուն անհետաքրքիր եմ: 

— Ի՞նչ ասել է ազատություն Ֆրիդա Յորքի համար:   

Ֆրիդա — Ես իմ կյանքում ունեմ մի շարք բարոյական նորմեր, ճշմարտություններ, որոնք երբեք չեմ պատրաստվում խախտել: Երբ դու բեմում մեկի հետ համբուրվում ես կամ անգամ մերկ ես, դու կարող ես բեմից իջնել հագնված: Դրանք մեկը մյուսին չեն խանգարում: Եվ կարող ես խիստ հագնված լինել բեմում, բայց կյանքում լինել մերկ: Ինձ համար ազատությունն այն է, երբ ես ազնիվ եմ ինքս ինձ հետ: Ամեն դեպքում փորձում եմ ոչ ոքի չնեղացնել, չվիրավորել, իմ ազատությունը իմն է, և այն չպետք է խանգարի ոչ ոքի:

— Ինչի՞ եք ձգտում հասնել ստեղծագործական կյանքում:  

Ֆրիդա — Երազում եմ շատ դերեր ունենալ, լավ ներկայացումներ բեմադրել ու հանգիստ ապրել: Ուզում եմ, որ ինձ երբեք չլքի ստեղծագործական միտքը: Ինձ հետ լինի այն Ֆրիդան, որը խելագար է ու անընդհատ ինչ-որ բաներ է փնտրում: Հաճախ մարդիկ իրենք տրորում են իրենց երջանկությունը՝ չհասկանալով որ հենց դրան էին ձգտել: Պետք է գնահատել այն, ինչ ունես ու ձգտել այն պահպանել:

— Մրցանակների չե՞ք ձգտում: 

Ֆրիդա — Ոչ: Դրանք ինձ չեն հետաքրքրում։ Իհարկե, եթե այդ շքանշաններն ու մրցանակները լինեն կյանքիս վերջում, երբ տատիկ լինեմ,  գուցե հաճույք պատճառեն ինձ: Գուցե այդ տարիքում այնքան ուժ ու եռանդ չեմ ունենա ստեղծագործելու, ու հաճելի կլինի, որ կյանքս նվիրել եմ թատրոնին ու գնահատվում եմ: Բայց հիմա նման բաների մասին չեմ մտածում: Ես կարծում եմ, որ նոր եմ սկսում իմ կարիերան և այդ գնահատականները հիմա չէ, որ պետք է լինեն: Այժմ ես ձգտում եմ մի բանի՝ օրեցօր դառնալ ավելի լավը, ինքնակատարելագործվել:  

— Առաջիկայում սպասե՞նք նոր բեմադրության:

Ֆրիդա — Այժմ մի գործ եմ թարգմանում ֆրանսերենից, որն ինձ շատ է դուր գալիս, բայց այդ մասին կխոսեմ, երբ սկսեմ բեմադրությունը: -0-