ArmStyle

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում  հունիսի 25-28-ն անցկացված Միմոդրամայի և մնջախաղի միջազգային փառատոնին, հայտնել են «ԱՌԿԱ Style»–ին թատրոնից։ 

Թատրոնի տնօրեն, «Աթոռի ոգին» ներկայացման ռեժիսոր և հեղինակ Յուրի Կոստանյանը ներկայացրել է իր աշխատանքը հանդիսատեսի դատին և արժանացել ջերմ ընդունելության և պրոֆեսիոնալ ժյուրիի ամենաբարձր գնահատանքին: Արդյունքում նա արժանացել է ոսկե մեդալի «Մնջախաղ» անվանակարգում:

Կոստանյանը ներկայացումից մի հատված է ներկայացրել նաև Սերբիայի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ապշեցնելով և հիացնելով սերբ հանդիսատեսին:

Փառատոնին մասնակցում էին արտիստներ Կանադայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Իսրայելից, Բուլղարիայից, Խորվաթիայից և Սերբիայից: Հանդիպում է տեղի ունեցել նաև Մարկո Ստոյանովիչի՝ Մնջախաղի համաշխարհային կազմակերպության նախագահի հետ, ում 2016 թվականին անցկացվելիք Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու հրավեր է փոխանցվել:

«ԱՌԿԱ Style»–ը Երևանի մնջախաղի պետական թատրոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-