«Ես շատ էի ուզում Սունդուկյանի որևէ գործ բեմադրել ու շատ էի ուզում այդ գործն ազատագրել Սունդուկյանի բարբառից: Նրա խոսքն այսօր ոչ ոք չի հասկանում: Ինչպես յուրաքանչյուր մեծ դերասանի հետ իր հանդիսատեսն է գնում, այնպես էլ յուրաքանչյուր գրողի հետ իր լեզուն է գնում: Կարծում եմ՝ սունդուկյանական լեզուն փոխելով ոչինչ չկորցրեցինք, հակառակը՝ շեշտը ճիշտ վերքի վրա դրեցինք»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ձեր Աստվածը փողն է» ներկայացման բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը:   

Մարտի 25-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսի հիման վրա բեմադրված «Ձեր Աստվածը փողն է» ներկայացման պրեմիերան: 

«Էլի մեկ զոհ» պիեսը Սունդուկյանը գրել է 1870-ին՝ 145 տարի առաջ: Հենց նույն թվականին էլ պիեսը առաջին անգամ բեմադրել ու գլխավոր դերը խաղացել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Գևորգ Չմշկյանը: Հետագայում գլխավոր դերակատարներին՝ Միքայելին և Անանին մարմնավորել են Պետրոս Ադամյանն ու Սիրանույշը:

Գլխավոր դերակատարներին՝ Միքայելին և Անանին, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում մարմնավորեցին դերասաններ Արմեն Մարգարյանն ու Մարիամ Ղազանչյանը: 

Պիեսը կոնֆլիկտ է  հայրերի ու որդիների միջև։ Հերոսուհին՝ Անանին, ընդվզում է շրջապատի ու հարազատ ընտանիքի դեմ՝ հանուն ճշմարտության, հանուն իր ու Միքայելի մաքուր և անկեղծ սիրո, սակայն նրա բողոքն անարձագանք է մնում: Երիտասարդ սիրահարները զոհում են իրենց սերը ծնողների՝ դրամի վրա խարսխված բռնակալական ձգտումներին։ 

Սունդուկյանի այս պիեսը համարվում է հայ առաջին դրաման, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը դուրս է գալիս ընտանիքի սահմաններից ու դառնում է հասարակական-սոցիալական կոնֆլիկ:

«Միգուցե շատերին թվա, թե այս թեման հիմա արդիական չէ, բայց չարաչար կսխալվեն, քանի որ բազում ընտանիքներում նման թեմայի շոշափում լինում է: Խնդիրը շատ արդիական է»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում ասաց  դերասան Արմեն Մարգարյանը:  

Ի դեպ գլխավոր դերակատարներին,  մարտի 26-ի ներկայացման մեջ, փոխարինեցին դերասաններ Վարդան Կուղյանոսյանն ու Սոնա Մուրադյանը: «Ես չգիտեմ ինչպես, բայց Վարդանը շատ լավ է մարմնավորում Միքայելին: Իրականում ստացվում է առողջ մրցակցություն, ինչը նպաստում է, որ մեկս մյուսից ինչ-որ բաներ քաղենք»,- ասաց Արմեն Մարգարյանը:

Թատերագետ Նվարդ Ասատրյանը դերասանների խաղի ու ընդհանրապես բեմադրության առումով թատերական կարծիք հայտնելը վաղ համարեց: «Կարծում եմ՝ պիեսի նոր մեկնաբանությունը դերասանները դեռ պետք է դարձնեն իրենցը: Բեմական արտասովոր լուծումները դեռ պետք է մարսել:Բեմադրիչը շեշտը դրել է վերնագիրի վրա՝ «Ձեր Աստվածը փողն է»: Մենախոսություններն էլ տանում էին նրան, որ դահլիճը սթափվի, հասկանա, որ փողը չի կարող Աստված լինել, որ զգացմունքները չի կարելի սպանել: Թատերագիտական կարծիք կհայտնեմ ավելի ուշ՝ 6-րդ, 7-րդ ներկայացումից հետո: Այսօր միայն կարող եմ ուրախ լինել, որ թատրոնի միջազգային օրվա նախօրեին նոր ներկայացում է ծնվում թատրոնում: Երիտասարդներն էլ իրենց նոր տեսակով փորձարկում են մեր դասական դրամատուրգիան, փորձում են յուրացնել, մեկնաբանել, հասցնել այսօրվա հանդիսատեսին»: 

Երվանդ Ղազանչյանը համոզված է՝ պետք է այնպես անել, որ դերասանն իրենից խելոք մարդու դեր խաղա: «Մինչև հիմա դերասանը խաղում է իրենից ոչ խելոք մարդու դեր: Նման դասական պիեսներ պետք է լինեն, որ մարդիկ ճկռեն, տառապեն կերպարների ներքո, մենք այլ  բան չունենք, մեր փրկությունը սրանք են: Դասական պիեսներում է դերասանը երևում: Պատահական չէ, որ ովքեր մնացել են պատմության մեջ՝ Ավետ Ավետիսյան, Հովհաննես Աբելյան, Գուրգեն Ջանիբեկյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, մնացել են իրենց դասական կերպարների կատարմամբ: Եթե մենք կարողանանք թիթեռի կյանք ունեցող, էժանագին պիեսներից ձերբազատվել, հայ թատրոնը կհայտնվի իր ճիշտ տեղում»: Երվանդ Ղազանչյանը հորդորում է լուրջ ուշադրություն դարձնել հայ դասական դրամատուրգիային: «Մի քիչ լուրջ նայենք մեր դասականներին ու մի քիչ հեռու մնանք թիթեռի կյանք ունեցող «խնդացնող» պիեսներից, որոնք ոչինչ չեն տալիս ոչ սրտին, ոչ մտքին, ներկայացումն ավարտելուց հետո մարդը մոռանում է, թե ինքը որտեղ է գտնվում»: -0-