ArmStyle

Ճապոնացի միմոս, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մակոտո Ինոուեն երևանյան հանդիսատեսի դատին հանձնեց «Դոջոջի» մոնոներկայացման մեջ մարմնավորված ճապոնական լեգենդը։ 

Լեգենդը պատմում է, որ մի օր երիտասարդ վանականը, մեկնելով ուխտավայր, հանդիպում է երիտասարդ աղջկա, ով նրան սիրահարվում է։ Բայց վանականը չի ցանկանում հետ կանգնել իր որոշումից և,չնայած սիրահարված աղջկա խնդրանքներին՝ շարունակում է ճանապարհը։ Աղջիկը վշտից վերածվում է օձի, իսկ նրա կիրքն այրում է երկուսին էլ։ 

Մոնոներկայացումը համարվում է ճապոնացի միմոսի լավագույն ներկայացումը, ով միանգամից երկու կերպար է մարմնավորել` տղամարդու և կնոջ։ Զարմանալի են մի դերից անսպասելի անցումները մյուսին, վանականից երիտասարդ աղջկա կերպարի. շատ գեղեցիկ երաժշտությունը և տղամարդու ու կնոջ հարաբերությունների հավերժական խնդիրն անտարբեր չթողեցին ոչ ոքի։ 

Ներկայացման մեջ հատուկ դեր խաղաց կարմիր տրանսֆորմեր ժապավենը, որը սկզբում խաչի տեսք ուներ, իսկ այնուհետև վերածվում է օձի և ձգվում գրեթե մինչև հանդիսականի շարքերը։ Կնոջ տանջալի վերափոխումն օձի, խաբված սիրո ու չբավարարված կրքի տառապանքներն ուղեկցվում են ժապավենի սահուն շարժումներով, որից դժվար է աչք թեքել։ 

Մակոտո Ինոուեն, լինելով աշխարհահռչակ դերասան, ներկայացրել է «Դոջոջի» ներկայացումն աշխարհի տարբեր բեմերում։ Հաճելի է, որ երևանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակից լինելու նման բարձր մակարդակի մնջախաղի արվեստին։ 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-