ArmStyle

ԱՄՆ-ում 1967 թվականին նկարահանված համանուն ֆիլմի մոտիվներով «Դեպք մետրոյում» ներկայացման պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 16-ին և 17-ին Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 

«Այդ ֆիլմի թեման և սյուժեն հավիտենական են: Դրանում խոսվում է անտարբերության, վախի մեջ ապրող հասարակության խնդիրների, սիրո բացակայության, միայնության մասին»,- «ԱՌԿԱ Style»-ին պատմեց ներկայացման բեմադրող ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:

Նա կարծում է, որ այդ թեմաները շատ արդիական են հայ հասարակության համար:

«Մենք փորձեցինք ներկայացնել ժամանակակից թատերական մոտեցում, ինչը, իմ կարծիքով, մեզ հաջողվել է»,- ասաց Հարությունյանը` ավելացնելով, որ ևս մեկ ներկայացում էլ կլինի նոյեմբերին:

Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանն իր հերթին նշեց, որ թատրոնին որակյալ նոր ներկայացումներ են պետք` տաղանդավոր երիտասարդության մասնակցությամբ:

Ներկայացման գլխավոր դերակատար Նարեկ Հայկազյանը ներկայացրեց այդ բեմադրության իր տեսլականը: 

Յուրաքանչյուր ժամանակ ունի իր չարագործը, և յուրաքանչյուր մարդու սրտում կան չար զգացմունքներ: Հասարակությունը չարիք է ծնում` թույլ տալով դրա դրսևորումը: Այդ զգացումի դրսևորման պատճառն անզորությունն ու անտարբերությունն է»,- կարծում է Հայկազյանը:

ԱՄՆ-ում 1967 թվականին սցենարիստ Նիկոլաս Է. Բաեռի սցենարով ռեժիսոր Լարի Փիրսի նկարահանած «Դեպք մետրոյում» ֆիլմում նկարագրվում է մի իրավիճակ, երբ Նյու Յորքի գիշերային մետրոյում երկու խուլիգաններ ներխուժում են կիսադատարկ վագոններից մեկը և սկսում են ահաբեկել ուղևորներին: Ոմանք, շշմած  կատարվածից, նյարդային վիճակում սպասում են իրենց կայարանին, մյուսները լուռ հետևում են և չեն միջամտում: Բայց հերթը հասնում է յուրաքանչյուրին, և գիշերային ուղևորությունը վերածվում է իսկական ահաբեկության, որը կանգնեցնելու համար խիզախություն է պետք: -0-