ArmStyle

Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Չարի ծաղիկներ» միմոդրաման բեմադրված է Շառլ Բոդլերի համանուն բանաստեղծությունների ժողովածուի մոտիվներով։ Միմոդրամայի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Ժիրայր Դադասյանն է, ով թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Բեմադրության հիմքում մարդու ինքնաճանաչման հավերժական խնդիրն է, որը տրվում է ֆրանսիացի մեծ պոետի կերպարի միջոցով։ 

Մարդու կերպարանափոխության մշտական ձգտումը, տղամարդու և կնոջ բարդ հարաբերությունները, մահվան միջոցով նոր, անճանաչելի աշխարհ տեղափոխվելու գաղտնի հմայքը, կենդանական աշխարհի և մարդու բազմաբնույթ փոխհարաբերությունները գաղափարներ են, որոնց շուրջ խորհում է պոետը։ 

Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» հռչակավոր ժողովածուից միմոդրամայում առանձնացված են «Պարող օձը», «Կատուն», «Դիմակը», «Տիրամայրը» բանաստեղծությունները։ Չնայած առաջին հայացքից թվում է, թե դրանցից յուրաքանչյուրը զարգանում է իր բացառիկ սյուժեով, սակայն դրանք բոլորը կապված են մեկ ընդհանուր թելով` պոետի ստեղծագործ մտքի թռիչքով։ 

Հզոր հոգեբանական ազդեցությունը, որն հանդիսատեսի վրա գործում է իր էկլեկտիկականությամբ և լակոնիկությամբ առանձնացող բեմադրությունը, հզորանում է մինիմալիստական ոճի դեկորացիաների շնորհիվ։ Միայն բեմի իսկական վարպետները` ռեժիսորն ու դերասաններն են ի զորու այդքան բան ասել առանց խոսքի, հանդիսատեսին փոխանցել տղամարդու և կնոջ հարաբերությունների բարդագույն և բազմաբնույթ ելևէջները։ 

Գլխավոր դերասաններից մեկը` Արամ Խոջոյանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմել են, թե ինչպես են բեմադրության հեղինակներն ու դերասանները տեսնում իրենց ստեղծագործությունը և կոնկրետ ինչ են ցանկանում ասել հանդիսատեսին։ 

«Բեմադրության մեջ մարմնավորում եմ Տղամարդու կերպարը «Կատու» մանրապատման մեջ, այս կերպարը առավելագույնս բացահայտում է տղամարդու և կնոջ հարաբերությունները։ Ընդգծվում է նաև մեր ժամանակակից կյանքում անչափ արդիական ֆինանսական գործոնը», – ասաց Խոջոյանը։ 

Ժիրայր Դադասյանը նշեց, որ բեմադրությունը ստեղծվել է 1999 թ.–ին «Ֆրանսիական թատրոնը Հայաստանում» նախագծի շրջանակում։ 

«Այն գաղափարները, որոնք Բոդլերն արտահայտել է իր ստեղծագործություններում, մենք փորձել ենք մարմնավորել բեմադրության միջոցով։ Փորձել ենք ներկայացնել Բոդլերին նրա կողմից հորինված կերպարների աշխարհում, որոնց կյանքում նա անմիջական մասնակցություն է ունենում և փոխում իրադարձությունների ընթացքը», – ասաց Դադասյանը։ 

Ըստ էության ամեն ինչի իմաստը Աստվածամոր կերպարի որոնումն է։ Հուսահատվելով ամեն ինչից` նա տեղափոխվում է այլ աշխարհ, որտեղ հնարավոր է դառնում գտնել իդեալը։ 

«Բեմադրության հիմնական ուղերձն այն է, որ սեփական իդեալը հարկավոր է փնտրել միշտ, անգամ այն դեպքում, երբ թվում է, թե անհնար է։ Ինչպես ասում են մեծերը, ժամանակ առ ժամանակ հարկավոր է անլուծելի խնդիրներ դնել և փորձել ցանկացած գնով լուծել դրանք», – ասաց Դադասյանը։ 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-