ArmStyle

Համազգային թատրոնը տարին եզրափակեց նոր բեմադրությամբ, և դեկտեմբերի 19-ին թատրոնում կայացավ «Արտավազդ Շիդար» ներկայացման առաջնախաղը:   

Ներկայացումը բեմադրվել է Գուրգեն Խանջյանի համանուն պիեսի հիման վրա: 2013-ին այս պիեսը լավագույնն էր ճանաչվել Համազգային հայ կրթական և մշակութային միության կազմակերպած «Լևոն Շանթ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ: Լավագույն պիեսը Համազգային թատրոնում բեմադրելը մրցանակաբաշխության պայմաններից մեկն էր: 

Պիեսի գլխավոր հերոսի դերում Արտաշես արքայի որդին է, ով սիրո պակասից երկրի կառավարումն ուրիշ հունով է տանում: 

Ներկայացման բեմադրիչն ու նկարիչը Արմեն Մեհրաբյանն է, Արտավազդի դերում հանդես է գալիս Արման Նավասարդյանը և իր խաղով հանդիսատեսին լարված պահում ներկայացման ողջ ընթացքում: 

Ներկայացման հաջողված լինելու ապացույցը բեմադրության վերջում դահլիճում երկար ժամանակ չդադարող ծափերն են:  

Դահլիճը լեփ-լեցուն էր: Պատմական դրամայի բեմադրության առաջնախաղին ներկա էին նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» նախագահ Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: 

«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» նախագահ Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ ներկայացումն անչափ կապված է այսօրվա հետ: «Այն ուղերձը, որ կա այս պիեսի գրական հիմքում, ավելի քան արդիական է: «Ով եմ ես, ինչ եմ անում, որտեղից եմ գալիս, որն է կյանքում իմ ուղերձը» թեման բնորոշ է բոլոր ժամանակներին: «Աւերակացս ում թագաւորեմ» արտահայտությունը խոսում է յուրաքանչյուր մարդու՝ սեփական հետագծի նկատմամբ պատասխանատվության մասին:  Իսկ այս պիեսը իմ կարծիքով մեծ ուղերձ է մեր ժամանակներին»,- ներկայացման մասին իր կարծիքը «ԱՌԿԱ Style»-ի թղթակցին հայտնեց Լիլիթ Գալստյանը:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանին հիացրել էր  գլխավոր դերակատարի խաղը: «Կարծում եմ՝ նման փայլուն բեմադրություն,  գլխավոր դերակատարի փայլուն խաղ վաղուց չէր եղել երևանյան բեմերում: Խորհուրդ եմ տալիս բոլորին գալ և դիտել ներկայացումը: Այն շատ այժմեական է: Հետաքրքիր զուգահեռ է տարված ներկայի և անցյալի միջև: Տեղի է ունենում կոնֆլիկտ՝ բանսարկության և բարի ցանկության միջև: Թվում է, թե ամեն ինչ արվում է բարի ցանկությամբ, բայց ամեն ինչ արվում է սխալ ուղղությամբ»,- նշեց Բագրատ Եսայանը: Ըստ նրա՝ բեմ է բերվել մարդու, ղեկավարի, հայի ներքին կոնֆլիկտը. «Ինքնության փնտրտուքն իսկապես մտածելու տեղիք է տալիս՝ ով ենք մենք, ինչ պետք է անենք»:   

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մինչ ներկայացումը դիտելը կարդացել էր նաև պիեսը: «Ամենակարևորը թե՛ պիեսում, թե՛ ներկայացման մեջ ռեժիսորական լուծումներով, պատմական գոռգոռոցներից ազատվելն է: Պատմական թեման չի կաշկանդել ռեժիսորին ու պիեսի հեղինակին, և նրանք արդիական լուծումներով են հանդես եկել: Ներկայացման մեջ գործածվում է ատրճանակ, կրակոց է հնչում, այսինքն` այնպիսի ատրիբուտներ, որոնք թվում է, թե ժամանակին բնորոշ չեն: Արտավազդ թագավորը  ոչ միանշանակ է ընկալվում մեր առասպելաբանության, դիցաբանության մեջ: Խնդիր էր դրված ցույց տալ երկատված հոգով իշխողի, թագավորի կերպարը՝  բարության և բռնակալի կերպարով, ինչպես նաև նրա՝ անհատի ներքին դրամատիզմը բեմում:  Եվ այդ խնդիրը հրաշալիորեն ներկայացվեց»: 

Սա պիես է բոլոր ժամանակների մասին 

Թատերագետ Լևոն Մութաֆյանը դրական է համարում այն, որ Արտավազդ Շիդարի մասին հնագույն հայկական դրաման մեր օրերում կենդանություն է առել: «Գուրգեն Խանջյանը կառուցել է անչափ հետաքրքիր դրամատուրգիական նյութ` արդիական ենթաշերտերով, հուշումներով: Ես այստեղ չեմ ուզում տեսնել պատմությունը, այլ ուզում եմ տեսնել առակը, զգուշացումը` չարը միշտ կա, իսկ երբ չարի համար կա բարենպաստ միջավայր, այն անպայման ծաղկում ու բարգավաճում է: Հետևաբար սա պիես է բոլոր ժամանակների մասին, քանի որ չարի գործոնը մինչև հիմա կա»: 

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի համար նկատելի էր պատմության և արդիական խնդիրների զուգահեռը, սակայն` դժվար ընկալելի: «Ինձ` որպես պատմաբանի, դժվար էր ընկալել Արտավազի նման առասպելախառն կերպարը: Սահմանափակ քանակությամբ նյութ կա նրա մասին: Բայց դաստիարակչական առումով բարոյական դաշտը միանգամայն այլ ընկալում է ենթադրում:  Այդ պատճառով ինձ համար բավական դժվար էր պատմաբանի կերպարից դուրս գալ և այս ներկայացումն ընկալել որպես արդիական խոսք` դարերից ուղղված մեր ժամանակներին: Բայց ներկայացումը հրաշալի էր, գլխավոր դերասանը փայլուն խաղաց Արտավազի դերը»:

«Արտավազդը» տարիների փորձի ծնունդն է

Գլխավոր դերակատարին` Արմանին ներկայացումից հետո հանդիպեցինք կուլիսների հետևում: Բավական երկար ժամանակ պահանջվեց նրա հետ զրուցելու համար. դերասանի երկրպագուները հերթով մոտենում էին, շնորհավորում, լուսանկարվում… «Իմ կյանքում գրեթե առիթ չի եղել, որ ես գլխավոր դեր խաղամ: Միշտ երկրորդական դերեր եմ խաղացել: Առաջին անգամն է, որ բեմում վերջինն եմ հայտնվում,- ծիծաղում է դերասանն ու շարունակում։- Երևի այս ամենը կուտակվել էր, մի օր պետք է լիներ, երևի արդեն պատրաստ էի: Կարծես թե սպասում էի այս առիթին, ու այն ինձ տրվեց»,- անկեղծացավ նա:  Արման Նավասարդյանը միաժամանակ ընդգծեց, որ որևէ բան ապացուցելու խնդիր չի ունեցել: «Արդեն 15 տարի է` թատրոնում եմ: Որևէ մեկին որևէ բան ապացուցելու խնդիր չունեի: Խնդիրը տարբեր շերտեր պարունակող բարդ, ոչ միատոն դերով հանդես գալն էր: Բայց կստեմ, եթե ասեմ, թե շատ եմ չարչարվել: Մեծ  ջանք չեմ թափել, ամիսներով չեմ տառապել, չեմ մեկուսացել-փակվել: Ուղղակի այդ տարիների փորձի կուտակման շնորհիվ ծնվեց Արտավազդը»:

Ներկայացման ֆոտոժապավենը կարող եք դիտել այստեղ: -0-