ArmStyle

Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Երևանում անցկացվեց «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի արարողությունը նվիրված էր հայ դերասան Սոս Սարգսյանի 85-ամյակին:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթողներ դարձան Սիրանուշ Լազյանը և Անի Ղազարյանը, իսկ լավագույն երիտասարդ դերասաններ ճանաչվեցին Արմեն Քուշկյանը և Նարեկ Հայկազյանը: Ժյուրիի կարծիքով՝ այս տարվա լավագույն երիտասարդ ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է (Lyu-Bof բեմադրություն): «Լավագույն երիտասարդական ներկայացում» մրցանակը շնորհվեց Զառա Անտոնյանին, իսկ «Բեմի լավագույն դեկորացիայի» համար մրցանակ ստացավ Անդրանիկ Հարությունյանը:

«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում հաղթեց Արթուր Մանուկյանը (Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Լոլիտա Բուկինան, երկրորդ պլանի լավագույն դերասան` Հայկ Թորոսյանը:

Կնոջ լավագույն դերի համար «Արտավազդ» մրցանակի արժանացան Ռուզան Գասպարյանը և Լուիզա Ներսիսյանը, տղամարդու լավագույն դերի համար` Կարեն Քոչարյանն ու Վիգեն Ստեփանյանը: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գրիգոր Խաչատրյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում», Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն), իսկ լավագույն ներկայացումն է «Սիրելի Պամելան» (Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն):

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բոլորին շնորհավորեց տոնի առթիվ և նշեց, որ այդ օրը ողջ աշխարհը սկսում է խոսել թատրոնի մասին, թատրոնի խնդիրների, անցյալի և ապագայի մասին:

«Եվ ամենակարևորը, որ այս տարի մրցանակն առանձնահատուկ է: Մարզային թատրոնները, մի փոքր բացառությամբ, կարողացան հանդես գալ Երևանում, ներկայացնել իրենց աշխատանքը, ինչը թույլ տվեց նրանց խոսել սեփական խնդիրների մասին»,- ասաց Ղազանչյանը:

«Արտավազդը» ազգային ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է թատերական տարվա արդյունքներով: Ավանդաբար մրցանակաբաշխությունն անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Մրցանակը 2002 թվականին ստեղծել է Թատերական գործիչների միությունը՝ Մշակույթի նախարարության օժանդակությամբ:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-