ArmStyle

«Արմմոնո» մոնոներկայացումների XIII միջազգային թատերական փառատոնը նախօրեին մեկնարկեց «Լյուսիեն Լյուկ» ինքնատիպ ներկայացումով։ 

Բեմադրության ռեժիսորն է երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանը, դերասանը` Արեգ Գևորգյանը։ 

«Լյուսիեն Լյուկը» հատուկ է ընտրվել որպես փառատոնի ելակետ, քանի որ այս տարի «Արմմոնոյի» առանձնահատկությունն այն է, որ առանձնակի ուշադրության են արժանանալու երիտասարդներն ու երեխաները։

Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 6–ից 11-ը Երևանում կանցկացնի «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 31 ներկայացում (ԱՄՆ, Քուվեյթ, Մարոկկո, Եգիպտոս, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Իրան, Հայաստան):

«Լյուսիեն Լյուկը» բեմադրված է Մարսել Միտուայի «Նվագակցողը» պիեսի հիման վրա և բացահայտում է մարդու բարդ ապրումները, երբ նա ստիպված է երկրորդական դեր խաղաղ։ Մեկ ժամ շարունակ հանդիսատեսը տեսնում է արվեստագետի տանջված ու խռովահույզ հոգին։ Դա և՛ հիասթափություն է, և՛ խուճապ, և՛ զայրույթ, և՛ բողոք, և՛ ատելությանը միահյուսված սեր, և՛ անցյալ, որն անհնար է առանձնացնել ներկայից։ 

Բեմադրությունն ինտերակտիվ է, քանի որ դերասանը ոչ միայն դիմում է հանդիսատեսին, այլ նաև նրան ներքաշում է գործողության մեջ` ստիպելով արձագանքել բեմում և դահլիճում կատարվող գործողությանը։ Արտիստի ուշադրության կենտրոնում է անհագ հանդիսատեսը, որը կերտում և փառազրկում է կուռքին և միաժամանակ անտարբեր մնում։ Հանդիսատեսը արտիստի համար դառնում է կյանքի նպատակ ու հավակնությունները բավարարելու միջոց։ 

Ցնցում, հանցագործություն, մեղադրանք, տրամադրությունների և դեկորացիաների կտրուկ փոփոխություն, սուտ և անկեղծություն, սա է այն մթնոլորտը, որը ռեժիսորն ու դերասանը կարողացան վարպետորեն տեղափոխել բեմ, ստիպեցին հանդիսատեսին վերապրել արտիստի դրաման, հավատալ նրան, հետո խաբված զգալ, քանի որ մոնոներկայացման վերջում միայն պարզ դարձավ, որ այն ամենը, ինչ պատմում էր Լյուսիենը, միայն իր երևակայության արգասիքն է։ 

Դե ինչ, «Արմմոնո 2015»–ը մեկնարկեց։ Բարի ընթացք փառատոնին։ -0-