ArmStyle

Մոնոներկայացումների «Արմմոնո» XIII միջազգային թատերական փառատոնը, որը մեկնարկել է Երևանում մայիսի 6–ին, նախօրերին ավարտվել է երկու ներկայացումների փայլուն ակորդով, ինչպես նաև գեղեցիկ մրցանակաբաշխությամբ։ Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։

«egoIST»

«Արմմոնո»–ն, որը թատերագետների միջավայրում ստացել է նաև One man show անունը, միշտ բաց է երիտասարդների համար։ Այդ պատճառով պատահական չէ, որ փառատոնի եզրափակիչ ներկայացումներից մեկը հայ երիտասարդ դերասան Սամվել Թադևոսյանի «egoIST» մոնոներկայացումն էր` «Դեբյուտ» անվանակարգում։ 

Լուսային և ձայնային էֆեկտների օգտագործմամբ ինտերակտիվ ներկայացումը, իհարկե, բանավեճերի առիթ է ստեղծում։ Ինչ–որ մեկին դուր է գալիս դերասանի խաղը, մյուսին` ոչ, բայց այն, որ դերասանի ու ռեժիսորի բարձրացրած թեմաները հավիտենական են, կասկած չի հարուցում։ Ողջ գործողությունը կառուցված է փակ դռան և դերասանի մտորումների շուրջ այն մասին` արժե՞, արդյոք, այն բացել, թե՞ ոչ։ Այդ մտորումները հանգեցնում են ավելի գլոբալ հարցերի` ո՞վ ենք մենք, որտե՞ղ և ինչու՞։ 

Ներկայացման անսպասելի ավարտը ևս մեկ անգամ ստիպում է մտածել գլխավորի` ընտրության խնդրի մասին, որի առջև անխուսափելիորեն հայտնվում է մեզանից յուրաքանչյուրը, ինչպես նաև օգտագործած և չօգտագործած հնարավորությունների մասին։ 

«Շտո–ս»

Միխայիլ Լերմոնտովի համանուն ստեղծագործության հիման վրա Ալեքսեյ Զլոբինի բեմադրած և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովայի մասնակցությամբ մոնոներկայացումն արդեն ժանրի դասական է։

Ճակատագրի հեգնանքը, խաղաքարտերը, սերն ու անժամանակ մահվան ուրվականը… Բազմաթիվ կերպարներ` ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, բեմի վրա կենդանանում են ռուս դերասանուհու փայլուն խաղում։ Ռուս մեծ բանաստեղծի ներաշխարհը` միաժամանակ ձգող և տագնապալի, անհուսալիորեն գրավող. մի քանի խոսքով այսպես կարելի է փոխանցել զգացողությունները ներկայացումը դիտելուց հետո։ Ինչպես ասում են Օդեսայում, դա տեսնել է պետք։ 
 
Գումարեք դրան ամենաքնարական ռուս պոետներից մեկի բանաստեղծությունների հատվածների ասմունքը, և պարզ է դառնում, որ «Շտո–ս» մոնոներկայացման դիտումը պարտադիր է ռուսական պոեզիայի բոլոր երկրպագուների համար։ 

Մրցանակաբաշխություն 

Ոչ մի մեծ տոն չի ավարտվում առանց պարգևների։ Բացառություն  չէր նաև «Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնը։ Ընդ որում, փառատոնի կանոնակարգով` այստեղ չկան հաղթողներ և պարտվողներ. բոլոր մասնակիցները պատվոգրեր և հովանավորներից նվերներ են ստանում։

Պարգևատրման արարողությունն ունեցավ նաև անակնկալներ և հաճելի անսպասելի պահեր։ Ավելին, բոլոր պարգևատրվողները սեր էին խոստովանում Հայաստանին, իսկ նրանցից մեկը նույնիսկ երգեց` չափազանց հուզվելով։ 

«Արմմոնո-2015»

Վեց օրվա ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց 31 մոնոներկայացում տարբեր ծրագրերում։ Իրենց աշխատանքները հանդիսատեսի դատին հանձնեցին թատերական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Մարոկկոյից, Քուվեյթից, Եգիպտոսից, Բուլղարիայից և այլ երկրներից։

Դե ինչ, ևս մեկ «Արմմոնո» պատմություն դարձավ։ Եվ ևս մեկ անգամ ապացուցեց, որ շոուն պետք է շարունակվի։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-