ArmStyle

Հայաստանի բոլոր 110 թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր 2015» ակցիային, որը կանցկացվի մայիսի 16–ին, ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։

«Այդ օրը բոլոր թանգարաններն անվճար կգործեն մինչև կեսգիշեր», – ասել է Սամուելյանը։ 

Նա նաև տեղեկացրել է, որ Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18–ին, տեղական թանգարանները նույնպես բաց կլինեն, սակայն` մինչև երեկոյան ժամը 6–ը, որովհետև օրը երկուշաբթի է, իսկ թանգարանները սովորաբար երկուշաբթի օրերին չեն աշխատում։ 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանը «Թանգարանների գիշեր 2015» համաեվրոպական ակցիային կմիանա Հայաստանին նվիրված աշխարհագրական քարտեզների ցուցահանդեսներով, որոնք կներկայացնեն հայտնի քարտեզագիր Ռուբեն Գալչյանի քարտեզների հավաքածուն։ Ցուցահանդեսները նվիրված կլինեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ -0-