ArmStyle

Վերջին տարիներին Հայաստանում փետրվարի 14–ին սկսել են լայնորեն տոնել Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը։

Պատմությունը հաստատում է, որ մարդկությունը տոնում է Սուրբ Վալենտինի օրը ավելի քան 16 դար, սակայն տոնի արմատները գուցե ավելի խորն են։ Այսպես, հռոմեացիները փետրվարի կեսին տոնել են էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia` ի պատիվ սիրո աստվածուհի Juno Februata-ի։

Ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի օրվան, ապա այս տոնի պատմության սկիզբը հասնում է 269 թ.–ին, երբ Հռոմի կայսրությունը ղեկավարում էր Կլավդիոս II կայսրը։ Պատերազմող հռոմեական բանակում զինվորների պակաս կար զինվորական արշավների համար, և զինվորների մարտական ոգին պահելու համար կայսրը հրաման արձակեց, որը արգելում էր լեգիոներներին ամուսնանալ։

Սակայն ինչպես հայտնի է, արգելված պտուղը քաղցր է։ Այնպես որ այն տղամարդիկ, ովքեր այլ իրավիճակներում կփորձեին խուսափել ամուսնությունից, հակառակը` սկսեցին ամուսնանալ։ Եվ ահա հայտնվեց Վալենտին անունով մի հոգևորական, ով եկեղեցական ծառայությունից ազատ ժամանակ հաշտեցնում էր գժտվածներին, օգնում էր գրել սիրային նամակներ, ինչպես նաև գաղտնի պսակադրում էր սիրահարներին։

Բնականաբար, նման ինքնագործունեությունը չէր կարող չբարկացնել կայսրին, ինչի հետևանքով Վալենտինը մահապատժի ենթարկվեց։ Իրավիճակի ողբերգությունն ու պարադոքսը նաև այն էր, որ Վալենտինն ինքը սիրահարված էր բանտապետի աղջկան։ Մահապատժից մեկ օր առաջ հոգևորականն աղջկան հրաժեշտի նամակ գրեց, որտեղ պատմեց իր սիրո մասին և ստորագրեց` «Քո Վալենտին»։ Ամենայն հավանականությամբ` ի հիշատակ Վալենտինի հրաժեշտի նամակի` Սուրբ Վալենտինի օրը սկսեցին գրել «վալենտինկաներ», սրտաձև բացիկներ։

Հետագայում որպես քրիստոնյա նահատակ` Վալենտինը սրբադասվեց կաթոլիկ եկեղեցու կողմից։ Իսկ 496 թ.–ին Հռոմի Գելասիուս Պապը փետրվարի 14–ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր։ Եվ չնայած հետագայում սուրբ Վալենտինը հանվեց կաթոլիկ եկեղեցու պատարագի օրացույցից, ողջ աշխարհի երիտասարդները շարունակում են նշել այս տոնը։ 

Հարկ է նշել, որ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ Սուրբ Վալենտին գոյություն չունի, նա կեղծ անձ է։ Այսինքն` նա նշվում է որպես կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, սակայն ոչ մի կապ չունի այն Վալենտինի հետ, ում տոնը նշվում է փետրվարի 14–ին։ Նրանք կոչ են անում հայերին նշել Սուրբ Սարգսի տոնը, ում մեր ժողովուրդը պաշտում է դարեր շարունակ։ -0-