ArmStyle

Հունվարի 31–ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը։

Այս գեղեցիկ և ռոմանտիկ օրվան նվիրված տոնական համերգ էր կազմակերպվել Երևանի Սիրահարների այգում։

Հունվարի 31-ին Արարատյան Հայրապետական Թեմը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար հեքիաթային տոն էր պատրաստել, որի շրջանակում ելույթ ունեցան հայտնի երգիչներն ու Հայաստանի պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթը։ 

Այգին զարդարված էր սրտաձև փուչիկներով և հրեշտակների արձանիկներով, բոլոր ներկաներին սպիտակ ձիու վրա ողջունում էր սուրբ Սարգսին մարմնավորող ձիավորը։

Սոֆի Մխեյան

Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի հոգևոր գործիչներ և բարձրաստիճան պաշտոնյաններ։

Տոնն այս տարի անցնում էր «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսի ներքո։ 

Մրո (Արսեն Գրիգորյան)

Աննա Խաչատրյան

Այդ օրը սիրահարներն ավանդաբար միմյանց նվիրում են բացիկներ, ծաղիկներ, քաղցրավենիք և բլիթներ։ Տոնական համերգից հետո ներկաներից շատերն ուղևորվեցին Սուրբ Սարգիս եկեղեցի, որն այդ օրը բաց է մինչև 22։00–ն։

Աշխարհասփյուռ հայության համար ավանդական դարձած այս գունեղ տոնը նվիրվում է սուրբ Սարգսին, նրա որդի Մարտիրոսին և 14 մարտիկներին։

Շուշան Պետրոսյան

Սուրբ Սարգսին նվիրված միջոցառումներն անցկացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ 

Սուրբ Սարգիսը հայոց ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: 

Սուրբ Սարգիս զորավարի օրը, բացի եկեղեցական ծեսերից, Հայաստանում նաև, ըստ ավանդույթի, երիտասարդներն այցելում են Սբ. Սարգսի եկեղեցիներ՝ բոլոր երիտասարդների հովանավոր սուրբ Սարգսի օրհնությունը ստանալու համար: Այդ օրը բոլոր երիտասարդներն աղոթում են և խնդրում սրբին իրենց աղոթքը հասցնել բարձրյալին:

Այս օրը երիտասարդ սիրահարները Հայաստանում աղի բլիթներ են ուտում։ Ժողովրդական սովորույթի համաձայն, անհրաժեշտ է տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտել։ Դրանից հետո ոչինչ չեն ուտում կամ խմում՝ սպասելով երազում հայտնությանը։ Այդպիսով երիտասարդները որոշում են իրենց ընտրյալներին, որոնք հավատալիքի համաձայն, երազում նրանց ջուր են տալիս։

Սուրբ Սարգսի օրվա տոնակատարության շրջանակում եկեղեցիներում երիտասարդներին աղի բլիթներ և բացիկներ բաժանեցին, իսկ հունվարի 31-ին Սուրբ Սարգսի եկեղեցիներում ժամերգություններ և երիտասարդների օրհնության կարգ  անցկացվեց: Այդ օրը համերգներ և տոնական միջոցառումներ անցկացվեցին Կարապի լճում և Սիրահարների այգում։ -0-