ArmStyle

Սոնա Ռուբենյանը երիտասարդ երգչուհի է և, չնայած տարիքին, արդեն հասցրել է «Հայսուպերսթար» երաժշտական հեռուստանախագծի հաղթողը դառնալ և Woman.ru–ի առցանց քվեարկության արդյունքում «Նոր ալիք 2014» երգի միջազգային մրցույթի լավագույն մասնակիցը ճանաչվել։ «ԱՌԿԱ Style»–ը Սոնայի հետ զրուցել է ստեղծագործական ծրագրերի մասին։ Երգչուհին խոսել է նաև այն մասին, թե ինչպես է գնահատում Genealogy խմբի ելույթը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում։

– Նախորդ տարի շատ հաջող հանդես եկաք Յուրմալայում անցկացված «Նոր ալիք» երաժշտական մրցույթում։ Որպես նման ելույթների փորձ ունեցող երգչուհի` ինչպե՞ս եք գնահատում մեր Genealogy խմբի ելույթը «Եվրատեսիլ 2015»–ում։

Սոնա – Genealogy խումբը շատ լավ ելույթ ունեցավ։ Հանդիսատեսը չի պատկերացնում, թե ինչպես է երգիչը հուզվում բեմում։ Իմ ելույթից առաջ ես ուղիղ մեկ շաբաթ երազում տեսնում էի, որ չեմ հասնի բեմին, չեմ կարող կանգնել, կկանգնեմ զգեստիս փեշին և կընկնեմ։ Շատ բարդ է, երբ օտար երկրում մենակ կանգնած ես բեմում։ Նման պայմաններում լավ երգելն ուղղակի հերոսական արարք է։

– Այդ դեպքում ինչու՞ միայն 16–րդ տեղը և 34 միավոր։

Սոնա – Չգիտեմ։ Բայց այն մասնակիցները, որոնք լավագույն հնգյակում են, իմ սիրելիներն են։ Դրանք են` Շվեդիան, Բելգիան, Ավստրալիան, Ռուսաստանը, Իտալիան։

– Ինչի՞ վրա է աշխատում հիմա երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Սոնա – Երկու օր առաջ ավարտեցի նոր երգիս աշխատանքները։ Երաժշտության հեղինակն է Արսեն Գրիգորյանը, խոսքի հեղինակը` Ավետ Բարսեղյանը։ Շատ գեղեցիկ երգ է ստացվել։ Մենք դեռ չենք որոշել անունը։ Երգում շոշափվում է հարուստ պատանու և աղքատ աղջկա սիրո սոցիալական խնդիրը։ Ինձ համար նման երգ երգելը ռիսկային էր, բայց ես որոշեցի անել այդ քայլը, քանի որ երգը ժամանակակից խնդիր է շոշափում։

– Ե՞րբ կարող ենք լսել նոր ստեղծագործությունը։

Սոնա – Մի քանի օրից ես երգը կտեղադրեմ Youtube–ում, իսկ հետո կսկսեմ պատրաստվել տեսահոլովակի նկարահանումներին։

– Ինչ՞ նախագծերի վրա եք աշխատում հիմա։

Սոնա – Այսօր հետաքրիր նախագծեր քիչ կան, և ես փորձում եմ ինքս ինչ–որ բան անել։ Ես գրել եմ «Երևան», «Ժամանակն է», «Արցախ», «Նոր տարվա նվեր» երգերի երաժշտությունը։ Երգերի բառերը գրում է մայրս։ -0-