ArmStyle

Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» ցուցահանդեսը, որը 17–րդ դարի հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 տարբերակներ է ներկայացնում, հաջողությամբ է անցել հուլիսի 8-13-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում` «Մշակույթի արևելք. արվեստի և երաժշտության տարբեր հնչյուններ» («East of Culture — Different Sounds Art`n Music Festival») փառատոնի շրջանակում։

Աշխատանքների առանձնահատկությունն այն է, որ դրանք արված են գեղանկարչության տարբեր դարաշրջանների և ուղղությունների (բարոկկո, Վերածնունդ, մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ) համաշխարհային և հայ հայտնի նկարիչների աշխատանքների ոճով։

Նկարաշարի ստեղծագործական մտահղացման, արվեստի մասին ընդհանրապես և գեղանկարչության մասին մասնավորապես Նարեկ Ավետիսյանը պատմեց ԱՌԿԱ Style-ին ։

— Ի՞նչ ասելիք ունի Ձեր «Սիմուլակրում» նախագիծը։
 

Նարեկ – Արվեստը հոգևոր, ոչ նյութական սուբստանցիա է, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ։ Իսկ արվեստի արտահայտման ձևն անսահման է։ Հետաքրքրությունը հենց նրա մշտական ձևափոխումներն են, որոնց շնորհիվ արվեստը ստանում է հոգևոր նոր սնունդ և շարունակում է ապրել։

Տարբեր ժամանակներում արվեստն ունեցել է յուրօրինակ բնույթ։ Բայց կան նկարներ, որոնք միշտ են հետաքրքիր։ Ես ինձ դրել եմ այդ 33 նկարիչներից յուրաքանչյուրի փոխարեն, պատկերացրել, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես կմեկնաբաներ այդ նկարը։ Իմ նպատակն էր` մեկ կտավի օրինակով ցույց տալ արվեստի զարգացման պատմությունը, դրա համայնապատկերը։

— Հնարավո՞ր է , որ շարունակվի այդ շարքը։

Նարեկ – Տեսականորեն` այո։ Ինչ–որ պահի ես դա անելու ցանկություն ունեցա։ Բայց հասկացա, որ երբ մի բան հաջողվում է, այն հաջողված է իր ավարտուն տեսքով, և դա պետք չէ չարաշահել։ Պետք է ընթանալ առաջ, չկրկնվել։ Փորձել ինչ–որ նոր, հետաքրքիր բան անել։

— Ձեր ցուցահանդեսը ներկայացվել է տարբեր երկրներում, որտե՞ղ եք զգացել ամենամեծ գնահատումը։

Նարեկ – Դժվար է ասել, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է արձագանքում։ Բայց այն փաստը, որ այդ ցուցահանդեսը երեք անգամ ներկայացվել է Լեհաստանում, վկայում է այն մասին, որ լեհ արվեստասերներն այդ նկարները կրկին նայելու մեծ ցանկություն ունեն։ Չի բացառվում, որ այն կցուցադրվի ևս մի քանի քաղաքներում։

Գերմանացիները, օրինակ, յուրովի են արձագանքում արվեստին։ Նրանք դրան մոտենում են չափազանց լրջորեն, ուզում են հասկանալ, մեկնաբանել, հարցեր տալ ու զգացմունքները միանգամից ցույց չեն տալիս։

— Իսկ ի՞նչ կասեք Հայաստանում «Սիմուլակրում» ցուցահանդեսի մասին։

Նարեկ – Ամենից լավ իմ ցուցահանդեսը ներկայացվեց «ՆՓԱԿ» փորձարարական արվեստի կենտրոնում։ Այն ուղեկցվում էր տեսապրոյեկցիայով և երաժիշտների ելույթով, ինչը, անկասկած, նպաստում էր դրա մեծ հաջողությանը։

— Ի՞նչ աշխատանք եք տանում ներկայում։
 

Նարեկ – Նախընտրում եմ չխոսել այս պահին իրագործվող նախագծի մասին, քանի որ ինձ համար նախագիծը կենդանի օրգանիզմ է, որում կարող են փոփոխություններ, զարգացումներ լինել։ Ներկայում երկու նախագծի ուղղությամբ եմ աշխատում, բայց դրանց մասին նախընտրում եմ այժմ չխոսել։-0-