ArmStyle

Երևանում հոկտեմբերի 25-31-ն անցկացվող ReAnimania փառատոնի ծրագրի շրջանակում «Իմ սիրտը» անիմացիոն ֆիլմի ստեղծողները, որը հիմնված է Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի վրա, երկուշաբթի արդեն ներկայացրել են նկարահանված աշխատանքային նյութը:

Ֆիլմի պրոդյուսեր Վլադիմիր Լապինը տեղեկացրեց, որ ֆիլմը պլաստիլինային stop-motion է (Stop-motion-ը տիկնիկային և պլաստիլինային մուլտիպլիկացիա է, որի օգնությամբ ստեղծվել են Չեբուրաշկայի մասին պատմող, «Պլաստիլինե ագռավը», «Տեղում էր նախորդ տարվա ձյունը» և այլ մուլտֆիլմեր, «ԱՌԿԱ Style»):

Ֆիլմի ստեղծողները`պրոդյուսեր Վլադիմիր Լապինն ու ռեժիսոր Իլյա Յուդովիչը, շատ ջերմ են խոսում իրենց ֆիլմի մասին: «Պլաստիլինը պահպանում է ձեռքերի ջերմությունը: Խոսքերը պահպանում են մարդկային սրտի ջերմությունը։ Հատկապես Սարոյանի խոսքերը»:

Աշխատելով ֆիլմի ստեղծման վրա` նրանք ոգեշնչվում են Սարոյանի անսպառ սիրով դեպի մարդը, նրա բոլոր թուլությունները և տարօրինակությունները, որոնց հետևում միշտ թաքնված է ինչ-որ ջերմ, բարի և պարզ բան: Նրանք ֆիլմ են նկարահանում, որպեսզի մեկի սրտի ջերմությունը ձեռքերի ջերմության միջոցով փոխանցվի մյուսի սրտին:

Լապինն ու Յուդովիչը եկել են Հայաստան գործընկերներ գտնելու համար, որոնց օգնությամբ կկարողանան ֆիլմը ավարտին հասցնել 2015 թ.-ին, ինչպես նաև նյութը հնարավորինս մոտիկ դարձնել  յուրաքանչյուրին, ում կարևոր է Սարոյանի ստեղծագործությունն ու Հայաստանի պատմությունը:  Աշխատանքի հինգ տարում նկարահանվել է նյութի 50 տոկոսը (30 րոպե): 

Պատմելով ֆիլմի ստեղծման աշխատանքի մասին` Յուդովիչը նշեց, որ իր համար ամենակարևորը կոլորիտն է, որում նա ընկղմվեց Սարոյանի միջոցով:

«Ֆիլմում մի քանի թեմաներ են խաչվում: Երկու եղբայրների պատմությունը, ովքեր երազում են սպիտակ ձիով զբոսնել, ծավալվում է կորցրած հայրենիքի թեմայի ֆոնին, քանի որ ֆիլմում ներկայացվում է Ցեղասպանությունից հետո փրկված մարդկանց  ընտանիքի պատմությունը», — ասաց Յուդովիչը:

Նրա կարծիքով` սովորական պատմությունը, որը ներկայացվում է հայ ժողովրդի սարսափելի ողբերգության ֆոնին, այլ իմաստ է ձեռք բերում: Իսկ առանցքային դրվագը, երբ տղաները գողացած սպիտակ ձին վերադարձնում են տիրոջը, մետաֆիզիկական նշանակություն է ստանում:

Այս տարի մրցութային ծրագրի հինգ անվանակարգերում ներկայացված է 200 ֆիլմ, իսկ փառատոնի շրջանակում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ ու հոլովակ:

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009 թ.-ի հոկտեմբերի 3-6-ը: Նախագծի նպատակն է օգնել անիմացիոն արվեստի զարգացմանը, դաստիարակել համաշխարհային դասի նկարիչ-անիմատորների նոր սերունդ և կազմակերպել ֆորում`համաշխարհային հարթակում հայ անիմատորների աշխատանքները ցուցադրելու համար, ինչպես նաև հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը:

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: -0-