ArmStyle

Արթուր և Կարինա Բաղդասարովների «Վագրեր — շոու» ատրակցիոնը, որին  մասնակցում են ամուրյան և բենգալյան վագրեր, արդեն ավելի քան քսան տարի հաջողություն է վայելում աշխարհի բազմաթիվ երկրներում: Արթուրն ու Կարինան արժանի շարունակողներն են կրկեսային դինաստիայի, որի ավագ ներկայացուցիչը սկսել է ելույթ ունենալ կրկեսում նախորդ դարի կեսերից: Արթուր Բաղդասարովը, ով 15 տարի աշխատում է վագրերի հետ, ամենաերիտասարդ ռուսաստանցի վարժեցնողն է: Նա «ԱՌԿԱ Style»-ին տված հարցազրույցում պատմել է իր վտանգավոր մասնագիտության ամենավառ դրվագների մասին:

— Դուք ընտրել ենք այնպիսի զբաղմունք` վայրի կատուների վարժեցում, որը բացարձակ ադրենալին է: Եվ Ձեր հոր հետ կապված ամենասարսափելի միջադեպն անգամ չվախեցրեց Ձեզ, չհամոզեց զբաղվել ավելի անվտանգ բանով:

Արթուր— Դա այնպիսի սարսափելի բան էր, որ անգամ չեմ ցանկանում հիշել: Այդ ժամանակ ես առաջին անգամ տեսա, թե ինչ կարող է մարդու հետ անել վագրը: Դա իմ հայրն էր (հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը, ԱՌԿԱ Style): Դեպքը տեղի ունեցավ Չելյաբինսկում: Կրկեսի հրապարակում այդ պահին 18 «կատու» կար: Հնարք էին մշակում, երբ վագրերը գնում են խմբով և թեքվում բաց հովհարի պես: Չգիտեմ, թե ինչպես հայրս չնկատեց, որ իրեն ամենամոտ գտնվող էգ վագրը կանգնել է հետևի թաթերի վրա: Մի ակնթարթ, և նրա ժանիքներից մեկը խրվեց հորս այտի մեջ, իսկ երկրորդը` գլխի: Վագրը պատռեց նրա վիզը, հետո վնասեց ձեռքը, երբ հայրս փորձեց հանել ատրճանակը, չէ՞ որ նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են: Այդ ամենն այնքան արագ կատարվեց, որ անգամ չհասցրեցին միացնել ջուրը: Լավ է, որ հայրս չընկավ, դա նրան փրկեց: Բոլորին մի անկյունում հավաքեց, հետո «շտապ օգնությանն» էինք սպասում, անգամ չեմ ցանկանում հիշել:

— Սակայն եղել են նաև զվարճալի դեպքեր…

Արթուր – Հիշում եմ` փոքր տարիքում ես նայում էին «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի հիման վրա բեմադրված հորս ծրագիրը, որի ժամանակ հնչում էր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների երաժշտությունը: Կրկեսի հրապարակում միաժամանակ աշխատում էին առյուծներ, վագրեր, հովազներ, յագուարներ, ընձառյուծներ, ամերիկյան կատվառյուծներ: Այս ծրագրի հետ մի քանի ծիծաղելի դեպքեր են կապված: Հիշում եմ՝ հերթական ներկայացումից հետո կրկեսով մեկ լսվեց հաշվապահի բարձր ձայնը,- «Միխայիլ Բաղդասարովն իր աշխատավարձը ստացավ, իսկ այդ Սասունցի Դավիթը չկա ու չկա…»:

Կամ մեկ այլ դեպք: Հերթական հյուրախաղերի ժամանակ, կարծեմ Եկատերինբուրգում էր, հայրս մեկնել էր մեր պապիկի՝ Նիկոլայ Յազևի հետ: Պապիկս երկար ալեհեր մորուք ուներ: Եվ ահա նրանք դուրս են գալիս ներկայացումից հետո, իսկ նրանց մեջքի հետևում փսփսում են – «Ահա Միխայիլ Բաղդասարովը, իսկ նրա հետ Սասունցի Դավիթն է…»:

— Հյուրախաղերով լինելով աշխարհի տարբեր երկրներում` Դուք, անշուշտ, հանդիպել եք կինոյի, թատրոնի, երաժշտության աստղերի հետ: Ո՞ր հանդիպումներն են հիշվել ամենից շատ:

Արթուր —  Ես շատերի հետ եմ ընկերություն անում… Նրանք և աստղեր են, և ամենահասարակ մարդիկ: Ւնձ համար գլխավորը մարդն է, ինչպիսին է նա… Իսկ մնացած ամեն ինչը երկրորդական է:

— Ռուսական և համաշխարհային շոու-բիզնեսի շատ աստղեր հիմա հանդես են գալիս բարեգործական ծրագրերով, որոնք ուղղված են վագրերի գլխաքանակի պահպանմանը: Ինչպես՞ եք գնահատում նմանատիպ ծրագրերը արդյունավետության տեսակետից և մասնակցու՞մ եք նման ծրագրերի:

Արթուր  — Կարծում եմ, որ ցանկացած բարի գործ օգտակար է: Բարեգործությունն ուղղված է դրան, և ես համոզված եմ, որ ցանկացած բարի գործ կտա իր արդյունքները:

—  Դուք երբևէ կանգնե՞լ եք  մասնագիտության ընտրության առաջ, թե՞ ամեն ինչ կանխորոշված էր ամենասկզբից: Եղե՞լ են, արդյոք, պահեր, որ ափսոսել եք կատարված ընտրության համար և չե՞ք գայթակղվել ավելի անվտանգ մասնագիտություն ընտրելու հարցում:

Արթուր— Ապագա մասնագիտությանս հարցում կարևոր դեր է խաղացել հորս օրինակը: Նա ինձ և քրոջս համար ընդօրինակմանն արժանի անձնավորություն է եղել: Ինչպես բոլոր կրկեսային երեխաները, փոքր տարիքում ես քրոջս հետ մասնակցել եմ շքերթների, կլոունադաների, ամանորյա ներկայացումների: Առաջին անգամ լրջորեն կրկեսային հարթակ եմ դուրս եկել 15 տարեկանում: Այնպես որ փոքր տարիքից չեմ պատկերացրել, որ կարող էի ուրիշ մասնագիտություն ընտրել:

— Դուք նաև ռեժիսոր եք: Պատրաստվու՞մ եք կրկնել «Շերտավոր երթուղի» ֆիլմի հաջողությունը, և կկարողանա՞ն Ձեր կենդանիները կատարել սցենարով նախատեսված հնարքները:

Արթուր – Այո, դուք ճիշտ եք, ես ռեժիսորի կրթություն ունեմ: Շատ էի ցանկանում նկարահանել «Շերտավոր երթուղի» ֆիլմը, որի հետ հայրս, ի դեպ, անմիջական կապ ունի: Նա այն ժամանակ աշխատում էր Նազարովայի հետ և օգնում էր ֆիլմի նկարահանման ժամանակ… Սակայն սա դեռ երազանք է, որը, հնարավոր է, բարենպաստ հանգամանքների դեպքում կարող է իրականություն դառնալ: Վագրերն ու ես պատրաստ ենք (ծիծաղում է)….-0-