ArmStyle

Հայկական շրջիկ կրկեսում հանգստյան օրերին ելույթ է ունենում զարմանալի կարողությունների և հիանալի արտիստիզմի տեր մի ակրոբատ` Արմեն Ադոնցը։ Նրա ցուցադրած ուժային վարժությունները միաժամանակ վախ ու հիացմունք են առաջացնում։

Արմեն Ադոնցը դեկտեմբերի 5-ին պողպատե ձողերի կորացման նոր ռեկորդ է սահմանել։

«Ես ցանկանում եմ բարդացնել համարներս, ինչպես նաև գրանցվել «Դյուցազնագրքում» (Հսկաների հայկական գիրք, Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակը), այնուհետև` Գինեսի ռեկորդների գրքում»,– «ԱՌԿԱ Style»–ին է պատմել Արմեն Ադոնցը։

Ակրոբատը գլխով և վզի առջևի մասով որոշակի ժամանակահատվածում կորացրել է երկու պողպատե ամրան (1 մ. և 2,10 մ.)։ Բացի այդ, ներկայացվել են «մեքենայի անցում» և «վզի առջևի մասով մեքենայի հրում» վարժություններ։  

Դյուցազնը պատմում է, որ այդ համարները շրջիկ կրկեսում կատարում է 2008 թվականից, իսկ այդ էքստրեմալ ցնցող համարներն է ընտրել, քանի որ Հայաստանում դրանք ոչ ոք չի կատարում։ 

«Եվ եթե լինեին մարդիկ, ովքեր կկատարեին նմանատիպ համարներ, ապա դա ինձ մրցակցություն կապահովեր, կձգտեի բարդացնել համարները, բայց առայժմ հորիզոնում մրցակիցներ չեմ տեսնում»,– ասաց Ադոնցը։ 

Ակրոբատը նշեց, որ աշխատել է տարբեր երկրներում, իր համարները ներկայացրել է Սիրիայում, Ռուսաստանում, Իրանում, Հնդկաստանում։ «Կան հրավերներ տարբեր երկրներից, բայց առայժմ ես մնում եմ հայրենիքում և ուզում եմ իմ համարներով զարմացնել հայ հանդիսատեսին»,– նշեց Ադոնցը։ 

Երբ նոր է սկսել զբաղվել այդ համարներով, ակրոբատը կարծել է, թե նման ուժային համարներն իր ուժից վեր կլինեն, սակայն մի քանի վարժություններից հետո զգացել է, որ կարողանում է դրանք կատարել։ 

Ելույթի ընթացքում ակրոբատն առաջին անգամ կատարել է 60 վայրկյանում 1 մետր երկարության 15 մետաղյա ամրալարերի կորացմամբ համար։ 
Ադոնցը առաջին ռեկորդի ժամանակ 40 վայրկյանում գլխով կորացրել է 1 մետր երկարություն ունեցող 15 պողպատե ամրան, երկրորդր ռեկորդի ժամանակ` 57 վայրկյանում վզի առջևի մասով 2,10 մետր երկարություն ունեցող 7 պողպատե ամրան։ Երրորդ համարը «մահացու էր». ակրոբատի վրա դրեցին տախտակներ, որոնց վրայով անցավ Nissan Xtrail ապրանքանիշի ավտոմեքենա։

Ադոնցը նաև հրեց մեքենան ձողի օգնությամբ, որն ամրացված էր նրա վզի առջևի մասին։ 

Ադոնցը նաև վզի առջևի մասին դրված աղյուսի օգնությամբ ավտոմեքենա է հրել։ 

Գինեսի համաշխարհային ռեկորդը գլխով 11 պողպատե ձողերի կորացումն է 28 վայրկյանում։  Այս կապակցությամբ Ադոնցն ու նրա թիմը պատրաստվում են հայտ ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքի կազմակերպիչներին` նոր ռեկորդի գրանցման համար։ -0-