Երևանում այս օրերին անցկացվում է «Արվեստը հանուն խաղաղության» խորագիրը կրող ոչ սովորական ցուցահանդեսը։

Ինչպես նշեց ցուցահանդեսի  կազմակերպիչ և համակարգող Լիլիթ Ստեփանյանը, մեկ հարկի տակ հավաքել են 28 երկրի մոտ 50 հեղինակի շուրջ 100 նկար։ 

Նրա խոսքով, առաջին անգամ  Հայաստաանում անցկացվող փոստային ցուցահանդեսի նպատակն  է, որպեսզի  տարբեր երկրների նկարիչները իրենց ստեղծագործությունների բնօրինակները ուղարկեն փոստի միջոցով։

«Ես որոշեցի կազմակերպել այս ցուցահանդեսը, որպեսզի նրա միջոցով հասնեմ ինչ որ փոփոխությունների, հայտարարեմ խաղաղության պահպանման կարևորության մասին, մեկ ցուցահանդեսային սրահում հավաքեմ տարբեր երկրների նկարիչների ստեղծագործությունները»։

Ստեփանյանը նշեց, որ իրենց աշխատանքներն են ներկայացրել նկարիչներ` Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից, ԱՄՆ–ից, Իրանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Կորեայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուելսից, Էստոնիայից, Սլովակիայից, Նեպալից, Եթովպիայից ն այլ երկրներից։

«Յուրաքանչյուր նկարչի հետ կապ հաստատելու համար ես բազմաթիվ օրեր եմ կորցրել և մեծ ջանքեր եմ գործադրել, քանի որ յուրաքանչյուրին պետք է առանձին–առանձին բացատրեի ցուցահանդեսի էությունը»,–ասաց Ստեփանյանը։

Հատկանշական է, որ ցուցահանդեսում ներկայացված են ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ` ինքնուսների ստեղծագրործություններ։ -0-