ArmStyle

Մարուշ Երամյանը մեր օրերի ամենահայտնի արևմտահայ գրողներից է: Ներկայացնելով նրան` սովորաբար ասում են, որ նա մեր օրերի ամենահամարձակ գրողներից է, ով իր ստեղծագործություններում խախտում է բոլոր հնարավոր տաբուներն ու խոսում է այն ամենից, ինչի մասին մինչ օրս կինը չէր համարձակվում խոսել:

Մարուշը նոր է վերադարձել Հալեպից, որտեղ դեռ շարունակվում են դաժան մարտերը, նա որոշեց պատմել պատերազմի ժամանակ տեսած անսովոր բաների մասին, ինչը դժվար է պատկերացնել պատերազմից հեռու մարդկանց համար: Նրա պատմվածքներում հիմնական թեման կինն է, ով հայտնվելով պատերազմի պայմաններում` իր մեջ ուժ գտավ կենդանի մնալ, իսկ հետո պարզապես սկսել նորից ապրել և օգնել ապրել մյուսներին:

«ԱՌԿԱ Style»-ը ներկայացնում է Երամյանի պատմությունից հատվածներ` երևանյան ակումբներից մեկում հայրենակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Պատերազմը նման է կատարողական արվեստի` որքան էլ պատերազմի մասին կարդաս կամ լսես, երբեք չես կարող զգալ այն, ինչ կվերապրեիր որևէ համերգի, նվագախմբի ելույթի կամ թատերական բեմադրության ժամանակ: Բանն այն է, որ որքան էլ մարդը ցանկանա ամեն ինչ բացատրել խոսքերով, դրանք հաճախ անզոր են, սահմանափակ, և մարդը զգում է, որ չի կարողանում արտահայտել այն, ինչ կցանկանար, ինչ զգում է:

Հետաքրքիր է, որ այդ պատերազմի ժամանակ կնոջ ուսերին շատ ծանր բեռ ընկավ: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, այնպես ստացվեց, որ ամենածանր բեռը հայտնվեց կնոջ ուսերին: Այս կապակցությամբ նա հիշեց բեդվինների իմաստուն ասացվածքը` որքան ծանր է կնոջ գլխի բեռը, այնքան ուղիղ և գեղեցիկ է նա քայլում:

«Ես նկատել եմ, որ տղամարդիկ լայն քայլեր անող մարդիկ են. եթե նրանք լայն քայլեր չեն անում, ապա ընդհանրապես չեն քայլում: Նրանք մեծ ծրագրեր են կազմում, մեծ գործեր են անում, իսկ կանայք ամեն ինչ անում են իրենց առօրյա կյանքում, անում են փոքր, աննշան, կողմնակի գործեր, և հանկարծ օրվա վերջում տեսնում ես, որ նրանք շատ ավելի երկար ճանապարհ են անցել, քան տղամարդիկ»,  — ասաց նա:

Գոյատևելը բնազդ է, որն ի սկզբանե դրված է կնոջ մեջ: Իսկ դա նշանակում է, որ ցանկացած, անգամ ամենավատ պայմաններում նրանք պետք է ապրեն և ոչ միայն պարզապես ապրեն, այլ օգնեն մյուսներին ապրել, քանի որ կինը միայնակ չէ, նա միշտ շրջապատված է ընտանիքով, երեխաներով: Իսկ տղամարդու հիմնական առաքելությունը փրկելն է:

Մարուշն ասում է, որ պատերազմը ստիպեց իրեն բախվել շատ հետաքրքիր փաստերի հետ: Երբ պատերազմը դեռ նոր էր սկսվել, բոլորը տխուր, ողբերգական հայացքներով էին, նրանք տրամադրություն չունեին լավ տեսք ունենալու համար, կարծես` հոգում ծանր բեռ կրեին: Սակայն նրանց մեջ կային ճաշակով հագնված կանայք` ժպիտը դեմքներին: Եվ կարելի էր նկատել, որ մարդիկ նրանց բարկությամբ էին նայում` մտածելով, որ երկրում պատերազմ է, իսկ դուք զուգվել-զարդարվել եք: Սակայն այդ հազվադեպ կանայք կարծես քաղաքին երանգ էին հաղորդում:

«Իսկ երբ պատերազմը ձգձգվեց, քաղաքի բոլոր կանայք, ինչպես մեծահասակները, այնպես էլ փոքրերը, անգամ զառամյալ կանայք, սկսեցին հետևել իրենց, և դա նրանց  համար շատ բան էր նշանակում: Մենք կարող ենք այս ամենին մակերեսորեն նայել, սակայն հավատացեք, որ երբ պատերազմի ժամանակ մարդը ստիպում է իրեն մոռանալ բոլոր գորշ ու սարսափելի բաները և հոգում գույներ գտնել, այդ ամենը մեծ խիզախություն է պահանջում», — նշում է նա:

Եկավ այն պահը, երբ քաղաքի մտավորականությունը սկսեց լրջորեն մտահոգվել և մտածել դպրոցներում դասերը վերսկսելու մասին: Այդ ժամանակ դպրոցների տնօրենները հրավիրեցին ծնողներին  և հարցրեցին նրանց կարծիքը:

«Ինձ ապշեցրեց նրանց միաձայն պատասխանը: Մարդ կարո՞ղ է երեխայից ավելի թանկ բան ունենալ: Սակայն բոլոր ծնողները միաձայն ասացին, որ հարկավոր է բացել դպրոցները: Մենք կբերենք մեր երեխաներին: Եվ երբ որևէ դպրոցի մոտ ռումբ էր ընկնում, մարդիկ խելագարի պես վազում էին դպրոց և վերցնում իրենց երեխաներին: Իսկ հաջորդ օրը բոլորը կրկին բերում էին երեխաներին, քանի որ հասկանում էին, որ դպրոցը կյանքի կարևոր մասն է, որը հարկավոր է ապրել անգամ պատերազմի պայմաններում», — նշեց նա:

Տղամարդիկ, երիտասարդ տղաները գիշերները պաշտպանում էին քաղաքը, իրենց տները, իսկ ո՞վ էր աշխատում ցերեկն ու անում ամենօրյա գործերը, իհարկե` կանայք:

Հալեպի հայկական համայնքը մի ակնթարթում ստիպված էր խաղաղ, ապահով և շատ գեղեցիկ կյանքից անցնել շատ դժվար, վտանգավոր առօրյայի, և կարծես այդ անցումը հաջողվել է, քանի որ այսօր, հակառակ ամեն ինչի, համայնքը շարունակում է ապրել…

«Սարսափելի մահ ես տեսնում, զոհվում են մարդիկ, երիտասարդներ, շատ երիտասարդներ… Իսկ մյուս կողմից մարդիկ ամուսնանում են, նշանվում, ապրում և ասում` ինչու՞ չպետք է դա անենք: Եվ ես գիտակցեցի ամենակարևորը` մարդիկ սկսեցին զգալ կյանքի համը, նրա գինը: Նրանք սկսեցին հասկանալ, որ աշխատանքի գնալիս մոտակայքում ռումբ ընկավ, իսկ իրենք ողջ մնացին, այնինչ կարող էին և մահանալ: Եվ  նրանք սկսեցին մտածել` եթե կարող էին մահանալ, ապա ինչու՞ չպետք է հիմա ապրեն», — ասաց Մարուշը:

Վերջին տարիներին մարդիկ «փչացել են» և սկսել են ամեն ինչ չափել քաղքենիական կատեգորիաներով` ով է ավելի հարուստ, ում տունն է ավելի լավը: Սակայն պատերազմը ցույց տվեց, որ մահանում է և հարուստը, և աղքատը, և կրթվածը, և անկիրթը, և մարդիկ սկսեցին մարդուն ընդունել ոչ թե իր հարստությամբ, գեղեցկությամբ, կրթվածությամբ, զարգացվածությամբ, նրանք սկսեցին գնահատել մարդու անկեղծությունը, մարդ լինելու կարողությունը և սկսեցին գնահատել դա միմյանց մեջ: Քանի որ, ի վերջո, նրանց մոտ միայն դա էր մնում:

«Մենք չունեինք լույս` մարդիկ ազատվեցին հեռուստացույցներից, չունեինք ինտերնետ` մարդիկ սկսեցին կրկին գտնել իրենց ընկերներին և գնահատել կենդանի զրույցը: Մարդիկ, հարևանները կրկին սկսեցին շփվել միմյանց հետ: Այնպես որ մենք ձեռք բերեցինք այն, ինչ ժամանակին կորցրել էինք: Այժմ ես հասկացա, որ մեր կյանքում առկա անհեթեթության հակակշիռն արվեստն է, և առանց դրա մարդկությունը պարզապես կխելագարվեր ցավից», — այս խոսքերով ավարտեց Մարուշն իր պատմությունը:-0-