ArmStyle

«Ոսկե ծիրան» XII կինոփառատոնը կանցկացվի 2015 թվականի հուլիսի 12-ից 19-ը և կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Այս տարի կինոփառատոնի առանձնահատկությունը հատուկ ծրագիրն է` նվիրված հայ ժողովրդի ողբերգական էջին։ «Այլևս երբեք» խորագրով ծրագիրը մեկնարկել է ավանդական կինոշաբաթից շատ առաջ, և կինոփառատոնի շրջանակում անցկացվող այդ ծրագրի մասին «ԱՌԿԱ Style»–ի հետ է զրուցել կինոփառատոնի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը։

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համատեքստը միայն քաղաքական չէ, այլև` մշակութային։ Բնական է, որ Հայաստանի մշակութային կյանքում կարևոր, եթե չասենք ամենակարևոր դերն ունեցող կինոփառատոնը չէր կարող իր լուման չունենալ»,– ասաց Մովսիսյանը։

Նրա խոսքով` կինոփառատոնը փաստացիորեն արդեն մեկնարկել է` փետրվարի 24-ին Բելառուսում մեկնարկել է «Այլևս երբեք» ծրագիրը, որի շրջանակում Հայոց ցեղասպանության թեման շոշափող ֆիլմեր են ցուցադրվել։

«Մասնավորապես ցուցադրվել է Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը։ Ցուցադրությունից առաջ Ցեղասպանության պատմության վերաբերյալ դասախոսություններ են անցկացվել։ Չորս օր շարունակ Մինսկի կինոթատրոններում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք ֆիլմեր, որոնց թվում` Ատոմ Էգոյանի «Արարատ» և Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերը, «Սերժ Ավետիքյանի «Շների կղզին», Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմերը»,– պատմեց Մովսիսյանը։

Նա ասաց նաև, որ մարտի 7-ին ծրագիր է մեկնարկել նաև Բեռլինում, որտեղ 40 օր շարունակ Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվելու։ Բեռլինի Մաքսիմ Գորկու թատրոնում մարտի 7-ին կայացել է Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա բեմադրված «Մուսա լեռ» ներկայացումը։ Ցուցադրվել են նաև Ավրորա Մարտիկանյանի մասին պատմող «Հոշոտված Հայաստան» ֆիլմից պահպանված 24 րոպեանոց հատվածն ու «Իմ տատիկի դաջվածքները» ֆիլմը։

«Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն իրականացվելու է տարբեր երկրներում անցկացվող միջազգային կինոփառատոների շրջանակներում։ Իսկ դա քաղաքական մեծ կարևորություն ունի։ Ծրագիրը կներկայացվի Սոֆիայում, Ստամբուլում, Վիլնյուսում, Փարիզում անցկացվող կինոփառատոներում»,– ասաց Մովսիսյանը։

Մովսիսյանի կարծիքով` հատկապես կարևոր է այն, որ այդ փառատոների կատալոգներում առանձին էջեր են հատկացվում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի նկարագրություններին, ինչպես նաև կարևոր է այն, որ հենց այդ կինոփառատոների ընթացքում բարձրացվում է Հայոց ցեղասպանության թեման, որի մասին շատ հաճախ լռում են այլ մակարդակներում։

«Սիրելի դերասաններն ու արվեստագետներն իրենց երկրներում խոսում են Հայոց ցեղասպանության մասին, ինչն այդ թեման ավելի է կարևորում, քան եթե այդ մասին խոսում ենք մենք կամ սփյուռքի ներկայացուցիչները»,– ասաց Մովսիսյանը։ -0-