ArmStyle

Իլյա Ավերբուխի «Օդնոկլասնիկի-2015. Սառցե շրջան» շոուն, որը ծրագրված էր այս տարվա մայիսի 24–ին Երևանում, տեղափոխվել է մյուս տարի։ Շոուն կկայանա 2016 թվականին, ուրբաթ լրագրողներին ասաց Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը։ 

«Ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել։ Այդ կապակցությամբ վաղն Իլյա Ավերբուխի պաշտոնական կայքում հայտարարություն կհրապարակվի»,– ասաց Մխեյանը, սակայն մանրամասներ չհայտնեց։ 

Նա հավաստիացրեց, որ տոմսեր գնած բոլոր քաղաքացիները կարող են դրանք վերադարձնել դրամարկղեր և հետ ստանալ իրենց գումարները։ 

«Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» շոուն պատմում է նույն դասարանում սովորած մարդկանց պատմությունը, ովքեր հանդիպել են շատ տարիներ անց։ Պարարվեստի օգնությամբ նրանք պատմում են, թե ինչ է կատարվել իրենց հետ այդ ընթացքում` ինչ են դարձել, ինչի են հասել կյանքում։ 

Այդ ամենը կատարվում է թատերական ընդհանուր գործողությամբ, որի դրամատուրգիան կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր համարին տրամաբանորեն փոխարինում է մյուսը և ավարտվում բոլոր «պարողների» մասնակցությամբ։

Շոուի մասնակիցները հայտնի դերասաններ են, հեռուստահաղորդավարներ, երաժիշտներ, որոնց «սառցե» հաջողություններին հետևել է ամբողջ Ռուսաստանը յուրաքանչյուր շաբաթ «Սառցե շրջան» ծրագրում։ -0-