ArmStyle

Այս տարի ՀՀ կառավարության որոշման շնորհիվ Ամանորի արձակուրդները բավականին երկար կլինեն` մինչև հունվարի 12–ը։ Եվ բնական է, որ արդիական կդառնա այն հարցը, թե ինչպես կարելի է արդյունավետ անցկացնել երկարատև արձակուրդները, որպեսզի հետո չտանջվենք աննպատակ ծախսած ժամանակի և կուտակած կիլոգրամների համար։ 

«ԱՌԿԱ Style»–ն ընթերցողներին մի քանի տարբերակ է առաջարկում տոնն այնպես նշելու համար, որ արթնանան մանկության պայծառ հուշերը, երբ տոնածառի խաղալիքների և շղթաների լույսի ներքո մարդիկ ամենանվիրական ցանկություններ էին մտապահում։

Տարբերակ առաջին
Վառվեք, լույսե՛ր

Երևանի գրեթե բոլոր թատրոնները տոնական ծրագիր են առաջարկում, բեմադրություններ` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Եվ եթե անգամ բեմադրությունը ձեզ դուր չգա, տոնական մթնոլորտն ինքնին նախատոնական և տոնական տրամադրություն կստեղծի։

Տարբերակ երկրորդ
Առողջ մարմնում` առողջ հոգի

Մենք` հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, հաճախ ենք որոշում Ամանորից հետո նոր կյանք սկսել և ազատվել անտանելի կիլոգրամներից, երազում ենք լավ տեսք ունենալ։ Ամանորի արձակուրդը հիանալի ժամանակահատված է այդ որոշմանը լրջորեն վերաբերվելու համար։ Դատեք ինքներդ` մարզասրահում կամ լողավազանում անցկացրած տասը օրերը կամ յոգայի պարապմունքները հիանալի այլընտրանք կդառնան անվերջանալի որկրամոլությանը։ Այնպես որ, սկսեք մարզվել։

Տարբերակ երրորդ
Նոր տարին` նոր երկրում

Եթե դուք ունեք բավարար միջոցներ, ապա, անկասկած, արձակուրդներն անցկացնելու ամենահաճելի միջոցը ճամփորդությունն է։ Ընդ որում` պարտադիր չէ մեկնել հեռավոր ճամփորդության։ Անգամ քիչ ժամանակ խլող ուղևորությունը կօգնի փոխել մթնոլորտն ու լիցքաթափվել. կարելի է ուղևորվել Ծաղկաձոր կամ Դիլիջան։

Տարբերակ չորրորդ
Տոնական երեկոներ

Առօրյայի խենթ ռիթմում հաճախ չենք հասցնում անել ամենագլխավորը` մեր մտերիմներին, ընկերներին և բարեկամներին ասել, թե որքան ենք սիրում նրանց և գնահատում նրանց հետ շփումը։ Նոր տարին, որն ընկալվում է որպես ծրագրերի, թարմացման, կշռադատման, զգացմունքների վերաիմաստավորման ժամանակահատված, նման հնարավորություն է ընձեռում։ Կարելի է վերջապես նայել միմյանց աչքերի մեջ և շփվել առանց համակարգչի, խոսել կյանքի մասին կամ պարզապես ուրախ ժամանակ անցկացնել, լիցքաթափվել կազմակերպված երեկույթի ժամանակ։ Հունվարի 12–ին աշխատավայրում հիշելու բան կլինի։ 

Տարբերակ հինգերորդ
Ինքդ քեզ հետ

Եթե դուք ինքնամփոփ մարդ եք կամ գործի բերումով ստիպված եք լինում ողջ տարին շփվել մեծ թվով մարդկանց հետ, ապա Ամանորի արձակուրդներն ամենաուշադիր զրուցակցից` ինքդ քեզ հետ մնալու հիանալի առիթ կդառնան։ Իսկ ինչու՞ ոչ։ Դուք կարող եք դա ձեզ թույլ տալ։ Մոռացեք համացանցի մասին, անջատեք հեռախոսները, հավաքեք սիրելի սկավառակներն ու գրքերը, և տոնական տասնօրյակը կանցնի աննկատ, դուք կյանքի սովորական հուն կվերադառնաք ոչ միայն հանգստացած, այլ շատ ավելի դրական տրամադրությամբ։ Սա հիանալի ժամանակ է խորհելու համար, թե ուր եք գնում և ինչն է պակասում լիարժեք երջանկության համար։

«ԱՌԿԱ Style»–ը շնորհավորում է ձեզ գալիք տոների` Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ, մաղթում է բարգավաճում, բարեկեցություն և բարօրություն ձեզ և ձեր մտերիմներին։ -0-