ArmStyle

Ամերիկյան Devil’s Due հրատարակչությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված նոր պատկերապատումներ է թողարկել, որը կոչվում է «Նեմեսիս օպերացիա. Ցեղասպանության և վրեժի պատմություն»։ 

Պատկերապատման հեղինակը Ջոշ Բլեյլոքն է, նկարիչը` Հոյթ Սիլվան։ 

Պատկերապատումն արդեն հասանելի է amazon.com առցանց խանութում, սակայն կհրատարակվի ապրիլին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ։ 

Նախորդ հարյուրամյակի 20-ական թվականների սկզբին Հայ հեղափոխական դաշնակցությունը մշակել և իրականացրել է «Նեմեսիս» օպերացիան, որով նախատեսվում էր ոչնչացնել «Միասնություն և առաջընթաց» թուրքական կուսակցության ղեկավարներին` Հայոց ցեղասպանության մեղավորներին: Օպերացիայի անցկացման մասին որոշումն ընդունվել է 1919թ.-ի աշնանը Երևանում անցկացված ՀՅԴ-ի 9-րդ համագումարի ընթացքում:

Օպերացիայի ընթացքում ոչնչացվել են Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշան, երիտթուրքերի առաջին կաբինետի նախկին ղեկավար Սայիդ Հալիմը, Տրապիզոնի նախկին մարզպետ Ջեմալ Ազմին, «Թեշքիլաթիի Մահսուսե» (Հատուկ կազմակերպություն) կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրը, Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալը:

Նշվածներից բացի, Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումովը սպանեց 20-ականների սկզբին հակախորհրդային շարժման առաջնորդ, Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին:

Երիտթուրքերի առաջնորդներից բացի, հայ վրիժառուները ոչնչացրին Ադրբեջանի մուսավաթական կառավարության որոշ գործիչների, ովքեր մեղավոր էին 1918թ.-ի սեպտեմբերին Բաքվում կազմակերպված ջարդերի համար:

1920թ.-ի հունիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Հոյսկուն, իսկ 1921թ.-ի հուլիսի 19-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանեց Շուշիում հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհմուդ խան Ջիվանշիրին:-0-